ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը կարծում է, որ կիբերհարձակումներն ու կայքերը կոտրելը ներկայումս ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունը՝ փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քլեփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բախվում է նոր պոտենցիալ վտանգների հետ, որոնք կապված են համակարգչային տեխնոլոգիաների արագ զարգացման հետ:
Նա օրինակ է բերել ցանցահենների՝ էլեկտրաէներգիայի և ինֆրակառույցի այլ օբյեկտների կառավարման համակարգեր ներխուժելու վերջերս կատարած փորձերը:
ԱՄՆ-ը կասկածում է, որ այդ փորձերի հետևում կանգնած են չինացի ցանցահենները: Որոշ ամերիկացի փորձագետներ կարծում են, որ կիբերհարձակումները կատարվում են Չինաստանի իշխանությունների գիտությամբ:
Պեկինը հայտարարել է, որ պատրաստ է կիբերանվտանգության հարցերի շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ և համագործակցել համացանցում անվտանգության համար:











































