Երեկ մեկնարկած կոնկլավը՝ Կաթոլիկ եկեղեցու կարդինալների ժողովը, սկսել է Հռոմի պապի ընտրությունը: Վատիկանում ընթացող կոնկլավի մասնակիցները, որոնք պետք է ընտրեն Հռոմի 226-րդ պապին, քվեարկության առաջին փուլից հետո չեն կարողացել կողմնորոշվել իրենց ընտրության մեջ. ծխնելույզից դուրս է եկել սև ծուխ: Նոր պապի ընտրվելու մասին ազդարարում է սպիտակ ծուխը:
Universi Dominici gregis սահմանադրության համաձայն՝ որը 1996թ. փետրվարին հրապարակել է Հովհաննես Պողոս 2-րդը, Հռոմի պապն ընտրվելու է 115 կարդինալների ժողովում: Նրանց տարիքը չպետք է գերազանցի 80-ը:
2007թ. Բենեդիկտոս 16-րդի կողմից ներմուծած փոփոխությունների համաձայն՝ հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա կոնկլավի մասնակիցների ձայների 2/3-ը:
Չորեքշաբթի և հաջորդ օրերին օրական անցկացվելու է չորս քվեարկություն, ընդհուպ մինչև պապի ընտրվելը, սակայն Սիքստինյան կապելլայից ծուխ կբարձրանա երկու անգամ` օրվա առաջին կեսին և երեկոյան:
Ի դեպ, որևէ հայ կարդինալ չի մասնակցում ընտրություններին: Պատմության ընթացքում միակ կարդինալը Գրիգոր-Պետրոս Աղաջանյանն է եղել Ախալցխայից, որը 1946թ. կուրիալ կարդինալ է հռչակվել, իսկ 1937-1962թթ. եղել է հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս: Հովհաննես 13-րդ պապի վախճանից հետո շատ մեծ է եղել նրա՝ Հռոմի պապ դառնալու հավանականությունը, սակայն դավեր են նյութվել՝ կանխելու նրա ընտրվելը: Նրա քրոջը՝ Էլիզաբեթին մեղադրանք են հարուցել՝ իբրև Հռոմի խորհրդային դեսպանատան աշխատակիցների հետ գաղտնի կապեր ունենալու մեջ:
Զմմառի Մշակութային Կենտրոնի տնօրեն Հ. Մովսես Վրդ. Տոնանյանը (ի դեպ, Լիբանանի հայ կաթոլիկ պատրիարքությունը հիմնվել է 1742-ին Լիբանան լեռան Զմմառ գյուղում) «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ Աղաջանյանը բացառիկ երևույթ էր, նրան հավասար դժվար է նորից ունենալ: Նա նշեց, որ որևէ հայ կարդինալ չկա այսօր Հռոմում ընթացող ընտրություններին: Նրա փոխանցմամբ, Լիբանանի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Պատրիկ Գրիգորիոսը կարդինալ է և մեկնել է մասնակցելու ընտրություններին:
Կաթողիկե հայոց ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքը կարդինալ չէ, նա պապին հետո կարող է գնալ շնորհավորելու:









































