«Մեր հասարակությունը ակտիվ, գործող, կրեատիվ ուժերի կողմնակից է, ոչ թե բոյկոտող: Բոյկոտը քաղաքական պայքարի ձև է, պասիվ պայքարի ձև, և յուրաքանչյուր ուժ ինքը պետք է որոշի՝ ինչպե՞ս է պայքարում: Մեր նորագույն պատմությունը և պառլամենտարիզմի պատմությունը տեսել են նման մի քանի օրինակներ: 2003-ին «Արդարություն» դաշինքը շուրջ մեկ տարի բոյկոտեց, այնուհետև այդ դաշինքի մասին ոչ ոք չէր հիշում, չորրորդ գումարման խորհրդարանում մի փուլ եղավ, երբ «Ժառանգությունը» բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները, այս ընթացքում կարճ բոյկոտ արեց ԲՀԿ-ն: Իմ բարի խորհուրդը՝ ընդդիմադիրներին, մի բան պարզ է՝ պատմությունը ցույց տվեց, որ քաղաքական բոյկոտից տուժում են առավելապես նրանք, ովքեր իրականացնում են այդ տարբերակը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ եթե խորհրդարանական ընդդիմությունն իր համերաշխությունը հայտնելով Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա գլխավորած շարժմանը՝ վայր դնի մանդատները կամ բոյկոտի խորհրդարանի աշխատանքները՝ ՀՀԿ-ական մեծամասնությանը դա չի՞ անհանգստացնի, Շարմազանովն ասաց. «Անհանգստացնելը քաղաքական կատեգորիա չի»: «Ամեն ինչ պետք է լինի Սահմանադրական և իրավական: Այսօր Սահմանադրությունը մեզ ոչ մի հնարավորություն չի տալիս արտահերթ ընտրությունների գնալու»,- պնդեց ՀՀ Աժ փոխխոսնակը՝ ըստ էության բացառելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների որևէ հավանականություն:








































