Եվրոպական միությունը ավելի ուժեղ կդառնա նրա կազմի մեջ Թուրքիայի մտնելուց հետո,- հայտարարել է Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ընթացքում։ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թագավոր Կարլ 16-րդ Գուստավը հայտարարել է, որ Շվեդիան ամբողջությամբ աջակցում է Անկարային ԵՄ Թուրքիայի աստիճանաբար մտնելու բանակցություններում:
«Շվեդիայում բնակվող Թուրքիայի 100 հազար քաղաքացիներն ավելի են ամրապնդում մեր հարաբերությունները»,- նշել է նա:
Իր հերթին Աբդուլա Գյուլը, որին Շվեդիայում իսկապես թագավորական ընդունելության են արժանացրել, նշել է, որ իր այցը նոր թափ կհաղորդի երկկողմանի հարաբերություններին: Նա նշել է, որ թուրք-շվեդական հարաբերությունները վաղեմի պատմություն ունեն, իսկ երկու ժողովուրդների ներկայացուցիչները միշտ միմյանց նկատմամբ երկկողմանի համակրանք են զգացել:
Ինչպես ավելի ուշ բացատրել է Գյուլը՝ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն, սակայն խոչընդոտները, որոնք որոշ երկրների կողմից դրվում են Անկարայի առաջ, խանգարում են Թուրքիայի՝ ԵՄ կազմի մեջ մտնելուն: Գյուլը համարում է, որ Թուրքիայի մուտքը ԵՄ օգտակար կլինի նաև այլ երկրների համար:
Միևնույն ժամանակ, ի տարբերություն շվեդների, տեղի հայերը ուրախ չեն եղել երկիր Գյուլի այցին: Նրանք Թուրքիայի նախագահին դիմավորել են՝ «Թուրքիա, ճանաչիր 1915 թ. Ցեղասպանությունը» պաստառներով:






































