Րաֆֆի Հովհաննիսյանը կողջունի, եթե Սերժ Սարգսյանն իր մեջ հատկություններ գտնի գալ Ազատության հրապարակ և քննության առնել այն հիմնախնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում և ակնհայտ բոլորի համար: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ սիրով կլսի պարոն Սարգսյանի առաջարկները ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: «Եթե կամ դատարանից, կամ պարոն Սարգսյանին ստանամ երաշխավորված լուծումը, որը կներկայացնեմ ժողովրդին, որը թույլ կտա, ճանաչելով ժողովրդի իշխանությունը, լուծում գտնել համազգային տագնապին, կդիտարկեմ հացադուլից դուրս գալու տարբերակը: Ես կդիտարկեմ ոչ հետաձգված, ամբողջական առաջարկը պարոն Սարգսյանի, եթե նման բան լինի, կզեկուցեմ: Եթե ուժ չգտավ ինքնաբացարկի գնալ, մենք միասին կտոնենք նոր Հայաստանի երդմնակալությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, անկախ նրանից՝ ով ինչպես քվեարկեց, ժողովրդի հաղթանակը բացահայտ իրականություն է:
Անդրադառնալով Մաքսային և Եվրասիական միություններին ՀՀ անդամակցության հարցին՝ ասաց, որ դեմ է ՀՀ անդամակցությանը: Սակայն, նրա հավաստիացմամբ, դա չի նշանակում, որ ՀՀ-ն չպետք է դիտորդի կարգավիճակով մասնակցի այդ նախաձեռնություններին: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ տարբեր հավաքական միությունների մասնակցությունը երկրորդական է:
«Շատը ավելի կարևոր է, որ մենք ՀՀ-ն դարձնենք ռազմավարական նշանակության հարաբերությունների մի ցանց՝ ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Չինաստան, ՀՀ-Իրան՝ դառնալով քաղաքակրթութոյւնների խաչմերուկ, խնդիրներ հաղթահարելու տապան: Եթե մենք ունենանք նորարար, ոչ հավաքական անվտագության վրա հիմնված ցանցավորված անվտագություն, վստահ եմ, որ այլևս երբեք որևէ տերություն վերևից չի խոսելու մեր հետ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս ՀՀ անդամակցությունը ԵՄ-ին տեսնում է մի դեպքում, եթե Եվրոպան ճանաչի ՀՀ ժողովրդի իրավունքները, զարգանա, եթե ՀՀ-ն էլ իր ժողովրդավարությամբ զարգանա:




































