Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է լավատեսություն պահպանել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործման հարցում, որը պետք է անցնի Սև ծովի հատակով։
Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանը հուսով է, որ միջկառավարական համապատասխան համաձայնագիրը կստորագրվի Թուրքիայում նոր կառավարության ձևավորման գործընթացի ավարտից հետո:
«Անկասկած է, որ դա («Թուրքական հոսքի» նախագիծը) «Հարավային հոսքի» այլընտրանքն է, և մենք սկզբունքորեն լավատեսորեն ենք նայում այդ նախագծին։ Փաստաթղթերի մի մասը ստորագրված է, սակայն դեռ չկա միջկառավարական համաձայնագիր, այն իսկապես չի ստորագրվել։
Դրա պատճառը զգալիորեն այն է, որ այնտեղ (Թուրքիա) չկա կառավարություն։ Թուրքիայում մեր գործընկերները պետք է ձևավորեն այդ կառավարությունը։ Դա շատ հեշտ գործ չէ, ինչպես երբեմն ցույց է տալիս փորձը։ Հուսով եմ, որ երբ ավարտվեն նրանց քաղաքական բոլոր խնդիրները, ավարտվի քաղաքական գործընթացը, մենք կկարողանանք վերջնականապես պայմանավորվել բոլոր հարցերի շուրջ»,- ասել է նա։










































