ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումներն անցկացնելը ամեն գնով իրենց համար գերնպատակ չէ: Շարմազանովն այս մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում է: Եվ ըստ այդմ պետք է ենթադրել, որ այս հայտարարությունը ՀՀԿ ԳՄ նիստի հետևանք կամ արդյունք չէ: Սակայն սա երևի թե արտացոլում է իշխանության ներսում գոյություն ունեցող խայտաբղետ պատկերի առկայությունը, այն առումով, որ այստեղ կարծիքներն ու տեսակետները սահմանդրական բարեփոխումների հարցում այնքան էլ միատարր չեն: Խնդիրն այն է, որ տեղի է ունենում իշխանության և ռեսուրսների վերադասավորում: Սահմանադրական բարեփոխումների բուն նպատակը կամ մոտիվը պետք է փնտրել այստեղ: Եվ ըստ այդմ՝ ամեն մեկը դրան վերաբերելու է ըստ այն արդյունքի, որ կակնկալի ստանալ վերադասովորումների արդյունքում: Օրինակ, եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանը համարում է, որ ինքը Սերժ Սարգսյանի նախագահական իրավահաջորդ լինելու ամենամեծ շանսերն ուներ, և իրենից բացի ոչ ոք ըստ էության չէր կարող դառնալ նախագահի իշխանական թեկնածու, ապա նա բնականաբար դեմ կլինի սահմանադրական բարեփոխումների ներկայիս նախագծին, որով ըստ էության իշխանությունն ապակենտրոնացվում և բաժանվում է մի քանի տեղ:
Սա մի օրինակ է, թե ինչպես իշխանության ներսում կարող են առաջանալ տարբեր պատկերացումներ հնարավոր փոփոխությունների շուրջ: Իսկ հավակնություններն ու շահերը իշխանության մեջ բազմազան են, և ըստ այդմ բազմազան կլինեն մոտեցումները ևս: Իսկ սա նշանակում է, որ առնվազն տեսականում բացառված չէ տարբերակը, երբ Սերժ Սարգսյանը ներիշխանական լուրջ կոնֆլիկտներից խուսափելու համար նախընտրի հրաժարվել սահմանդրական բարեփոխումների տարբերակից և հետաձգել դրանք: Ի վերջո, մեկ անգամ արդեն Հայաստանում նման բան եղել է, և 2003 թվականին հետաձգելով բարեփոխումները, որոնք մերժվեցին հանրավքեի արդյունքում, Ռոբերտ Քոչարյանը դրանք իրականացրեց 2005-ին: Այնպես որ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն էլ բարեփոխումները կհետաձգի կա՛մ 2017-18-ից հետո, կա՛մ 2017-ից հետո: Կամ ընդհանրապես կհրաժարվի այդ բարեփոխումներից: Ամեն ինչ կախված կլինի իշխանության ներսում առկա իրավիճակից:
Սերժ Սարգսյանն ինքն էլ իր համար թողել է նահանջի տեղ՝ հայտարարելով, որ անձամբ ինքը կողմ է կառավարման ներկայիս մոդելին: Այսպիսով, Սարգսյանն իրեն տվել է նահանջի ճանապարհ, առավել ևս, եթե այդ ճանապարհին նա կունենա, այսպես ասած, դեմոկրատ երևալու հնարավորություն, որը հանրությանը չի պարտադրել իր կամքը, ինչն էլ, որպես կապիտալ, կփորձի կիրառել 2017-18 թվականների ընտրական փուլից հետո միջազգային հանրության հետ անխուսափելի բանակցություններում, քանի որ իշխանությունները, իհարկե, ռեսուրս չունեն օրինական ընտրություններ անցկացնելու և անպայմանորեն դիմելու են կեղծիքների և հետո ակնկալեն միջազգային լեգիտիմություն: Վերջնարդյունքի վերաբերյալ որոշման բացակայությունն է երևի թե հիմնական պատճառը, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արտահայտվում է մեծ հաշվով կցկտուր և խիստ կարճաժամկետ բովանդակային թիրախավորումով՝ վկայելով սրանով, որ վերջնարդյունքը թողնված է իրավիճակի զարգացմանը:









































