Աֆղանստանի ղեկավար Համիդ Կարզայը Քաբուլի նախագահական պալատում երեքշաբթի օրն անձամբ երիտասարդ ծառ է տնկել,- հայտնել է «Պաժվակ» տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահական վարչության մամլո ծառայության հաղորդագրությանը:
Աֆղանստանի համընդհանուր կանաչապատման բացման արարողությանը Կարզայը հայտարարել է, որ աֆղանցիները պետք է «փրկեն շրջակա միջավայրը, ծառեր տնկեն ու ջրեն, որպեսզի մաքուր օդ շնչեն ու չհիվանդանան»: Նա նաև բնակչությանը կոչ է արել խուսափել ծառ կտրելուց: Նախագահը ծրագիրը կապել է նոր տարվա հետ, որն Իսլամական Հանրապետությունում կսկսվի մարտի լույս 21-ի գիշերը: Նա հույս է հայտնել, որ գալիք նոր տարին խաղաղություն և բարգավաճում կբերի աֆղան ժողովրդին:
Ավելի վաղ Քաբուլի քաղաքապետ Մոհամմադ Յունուս Նավանդեշը հայտարարել է, որ գարնանը Քաբուլում կտնկվի ավելի քան 1 մլն ծառ, կկառուցվի 20 հանգստի զբոսայգի: Նավանդեշը քաղաքի բնակիչներին կոչ է արել աջակցել կանաչապատման գործին:









































