Արդեն երրորդ օրն է՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ է անում: Րաֆֆի Հովհաննիսյանից քիչ հեռու ակտիվիստների մի խումբ էլ երեկ՝ ժամը 17.00-ից, կազմակերպել է նստացույց:
Նստացույցի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք նստացույցը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել, և Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե՝ ինչպիսի՞ն կլինի Սերժ Սարգսյանի արձագանքը հացադուլին, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ կլինի ադեկվատ, ինքը կգա Ազատության հրապարակ և կփորձի երկխոսության մեջ մտնել և այնպիսի երկխոսություն ծավալել, որի արդյունքում ժողովրդի ձեռք բերած հաղթանակը կհաստատվի:
«Ժողովուրդն ասում է, որ ինքն այլևս չի կարող այսպես ապրել, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Ես կարծում եմ՝ այդ երկխոսությունն իր մեջ նաև այդ բարեփոխումները կներառի»,- հավելեց նա:










































