Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը երեկ առաջարկել է խորհրդարանական հետաքննություն անցկացնել՝ հստակեցնելու և լուծելու համար Թուրքիայում բնակվող հայ ներգաղթյալների խնդիրները:
Առաջարկի հիմնավորման մեջ ասվում է, որ Թուրքիայում ներգաղթյալներն ապրում են ծանր կենսապայմաններում, ինչը կարող է մահվան հանգեցնել: Ստամբուլից կուսակցության պատգամավոր Սեզգին Տանրիգուլուի և նրա գործընկերների ստորագրությամբ առաջարկը ներկայացվել է խորհրդարանի խոսնակին: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Առաջարկում ընդգծվում է տնտեսական պատճառներոով Ստամբուլ տեղափոխված հայ կնոջ՝ Նարինե Մկրտչյանի ինքնասպանության դեպքը: Փաստաթղթում նշվում է, որ Նարինե Մկրտչյանի դեպքի նման բազմաթիվ այլ ողբերգություններ են կատարվում:
Հիմնավորման մեջ հղում է արվում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2010 թվականին արված հայտարարությանը՝ «Թուրքիայում 100 հազար հայեր կան, որոնք Թուրքիայի քաղաքացիներ չեն»:
«Կառավարությունը, որը զերծ չի մնում հայ ներգաղթյալներին որպես հաղթաթուղթ կիրառելուց, պետք է համանման հմտություն դրսևորի նրանց կենսապայմանների բարեփոխման հարցում»,- ասվում է փաստաթղթում:








































