«Եկեք հնարավորություն տանք, զինվենք համբերությանբ, և կտեսնեք բարեփոխումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ նրան հակադարձեց՝ ասելով, որ նախորդ հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին այդ հնարավորությունը տրվել է, բայց նա ոչինչ չի արել:
«Ի՞նչ է նշանակում հացադուլ հայտարարել և սեփական կյանքը դնել զոհասեղանին, ամբողջ աշխարհն է շնորհավորել Սերժ Սարգսյանին»,-ասաց Ռ. Մուրադյանը, ով, ի դեպ, ընդհանրապես սխալ չի համարում այն փաստը, որ ՍԴ-ում դիմելու, այսինքն՝ ընտրությունները դեռ ավարտված չլինելու պարագայում աշխարհի տարբեր երկրներ շնորհավորեցին Սերժ Սարգսյանին:
Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շանտաժ չէ, դա մարտահրավեր է և պահանջ:
Նա հավելեց, որ այս պահի դրությամբ ավագանիների ընդհանուր ցուցակի շուրջ համաձայնություն չկա, սա գործընթաց է, որ դեռ խմորումների մեջ է. «Մինչև մայիս կա դեռ ապրիլի 9-ը, մենք դեռ ժամանակ ունենք: ԲՀԿ-ն գնաց առանձին ցուցակով, բայց այլ ուժեր էլ կան»,- ասաց նա:
Ռուզաննա Մուրադյանն էլ, խոսելով գալիք ընտրությունների մասին, ասաց, որ Տարոն Մարգարյանը այնքան աշխատանք է կատարել, որ ժողովուրդը նրան կարող է նորից վստահել, և նա նորից կհաղթի. «Մենք նույն մարտական ոգով գնում ենք քաղաքապետի ընտրություններին»:
Ասուլիսի վերջում Ռ. Մուրադյանը նշեց՝ չի բացառում, որ կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ մտերիմ է նրա կնոջ հետ և շատ է հարգում Րաֆֆի Հովհաննիսյանին. «Իր հոգեվիճակն էլ լավ չէ, մենք պետք է հորդորենք նրան»:








































