Մեծ Բրիտանիայի անվտանգության MI5 ծառայությունը միտումնավոր թաքցրել է, որ Մարգարետ Թետչերի կառավարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ բռնվել են մանկապղծության մեջ։ Նրանք այդ կերպ խուսափել են կառավարության քաղաքական հեղինակազրկումից։ Այս մասին գրում է The Times-ը։
Ինչպես հայտնում է պարբերականը՝ նման եզրակացություններ են արվել փաստաթղթերից, որոնք գտնվել են նախարարների կաբինետի քարտուղարության պահոցում։ Նախկինում այդ թղթերը համարվել են կորած կամ ոչնչացված։
1986 թվականի նոյեմբերին թվագրվող նամակում Էնթոնի Դաֆը, ով այն ժամանակ զբաղեցրել է MI5-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, կաբինետի քարտուղար Ռոբերտ Արմսթրոնգին գրել է, որ կառավարության որոշ պաշտոնյաներ կասկածվում են անչափահասների հետ կապերի մեջ։
«Ներկա պահին… կառավարության քաղաքական հեղինակազրկման սպառնալիքն ավելի ուժգին է, քան անվտանգության սպառնալիքը»,- պարբերականը մեջբերում է Դաֆի նամակը։
Պարբերականի տվյալներով՝ կասկածյալների թվում են եղել խորհրդարանի քարտուղար Փիթեր Մորիսոնը, ներքին գործերի նախարար Լեոն Բրիտանը, դիվանագետ Փիթեր Հեյմանը և նախարար Ուիլյամ վան Շտրոբենզին։














































