Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Ազատության հրապարկում հրավիրված ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Ըստ նրա՝ շատ հստակ երևում էր, որ իշխանությունը գնալով ավելի սրում է իրավիճակը և կուլմինացիան եղավ Սևանի դեպքը. «Կոորդիանցվել էր քրեական աշխարհը և որոշվել, որ որևէ քղաքում բախում պետք է լինի: Դա տեղի չունեցավ Վարդենիսում, տեղի չունեցավ Մարտունիում, բայց Սևանում եղավ: Քաղաքապետը զգուշացրեց, թե լիքը կատաղած մարդիկ կան, որոնք ուզում են խփել ձեզ: Պարզ երևում էր, որ դա շանտաժ է: Ամբողջ ընթացքում նա միջամտում էր, սրում էր իրադրությունը: Եվ երբ ասաց, որ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե դուք թուրք եք, քրեական տարրը դրան էր սպասում, որ հարձակվի: Եթե չլիներ ոստիկանների միջամտությունը, անպայման արյուն կթափվեր»:
Ռ. Հակոբյանը հայտարարեց, թե սպասում է ոստիկանության ու իշխանությունների գնահատականին, թե ով է մեղավոր: Նա հերքեց, որ իրեն ապտակել են:
Հացադուլի պատճառներից մեկն էլ այն է, որ ստեղծել է մի իավիճակ, երբ իշխանությունը գիտի, որ կեղծել է, և փակել է օրենքի դուռը: Ըստ Ռ. Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանը ինքնախոստովանեց, որ կազմակերպել է ընտրությունները: ՍԴ-ն այսօր քննում է հարցը և, Ռ. Հակոբյանի խոսքով, անհիմն են պնդումները, թե փաստեր չկան. մոտ 600 ընտրատեղամասերում լցոնումներ են կատարվել, որտեղ ընտրողների թիվը 70%-ից բարձր է: Նվազ մասնակցությամբ ընտրատեղամասերում գրեթե բոլորում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և այդտեղի ցուցանիշները շատ ավելի իրատեսական են:
«Կեղծումները հիմնականում կատարվել են գյուղերում, որտեղ մասնակցությունը մինչև 80-90-100% է հասնել: Այսօր ՍԴ-ն ունի այդ լիազորությունը, որ այս փաստը վերցնի որպես հիմք և ստուգումներ անցկացնի, կտեսնի որ խայտառակություն է եղել: Իշխանությունը փակել է օրենքի բոլոր դռները, հրահրում է բախումներ, մյուս կողմում դնելով իշխանությանն ինտեգրված քրեական տարրերին: Նորություն չի, որ ընդդիմությունը հաղթել է ընտրություններում, նորություն է, որ այս անգամ ընդդիմությունը կարող է մինչև վերջ հաջողել»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Նա ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկրորդ հանդիպման շուրջ ծավալված իրադարձությունները, որի ադրյունքում նախագահի աշխատակազմւ հաղորդագրություն տարածեց, թե Ր. Հովհաննիսյանը հրաժարվել է հանդիպել, թեև Ր. Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ժամի ցանկացած վայրում հանդիպել ու հրավիրել է Ս.Սարգսյանին հրապարակ:
«Նրանք չեն հասկանում՝ ինչ է կատարվում պետության հետ: Փոխվել է իրավիճակը, որ քաղաքացին պետության տերն է, և արժանապատիվ քաղաքացիների պայքար է սա»,- ասաց Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ բազմաթիվ կուսակցություններ հայտարարել են, որ աջակցում են շարժմանը, «խոսքի համար շնորհակալ ենք, բայց այսուհետ կարևորվելու է գործը»:
Լուսանկարը PanARMENIAN Photo-ի










































