Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են միավորել ջանքերը «Հարավային գազային միջանցքի» զարգացման ուղղությամբ, որը ռազմավարական կարևորություն ունի երկու կողմի համար էլ։
Դոնալդ Տուսկն այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Տուսկի խոսքերով՝ ԵՄ նպատակը գազը որպես սպառնալիք օգտագործելը բացառելն է. «Ուկրաինայի հակամարտությունը ցույց է տալիս, որ նման սպառնալիք գոյություն ունի ցայսօր։ Այդ պատճառով էլ ԵՄ-ը միտված է մատակարարումների դիվերսֆիկացմանը, իսկ Ադրբեջանը տվյալ ուղղությամբ ԵՄ-ի հիմնական գործընկերն է։
Եվրոպայի համար դա մատակարարումների դիվերսիֆիկացման հարց է, միևնույն ժամանակ այդ հարցն Ադրբեջանի համար արտահանման հնարավորությունների ընդլայնման հարց է։ ԵՄ-ը միտված է Ադրբեջանի հետ կոմերցիոն կապերի ընդլայնմանը։ Ադրբեջանը շուտով կավարտի ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները»։ Տուսկը հավելել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրի զարգացման հարցը։








































