ԱՄՆ-ը կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Պակիստանի դեմ, եթե երկիրը չհրաժարվի Իրանի հետ գազատարի շինարարության համատեղ նախագծից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը՝ մեկնաբանելով իրանական սահմանամերձ Գաբդ բնակավայրում գազային մագիստրալի շինարարության մեկնարկի մասին հաղորդագրությունը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Սպասվում է, որ մինչև 2015 թվականը գազատարը կհասցվի պակիստանյան Նավաբշահ քաղաք (Սինդ գավառ): Շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մարտի 11-ին: Արարողությանը մասնակցել են Իրանի և Պակիստանի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադն ու Ասիֆ Զարդարին:
Նուլանդը նշել է, որ այդ նախագիծը շարունակելու դեպքում ստիպված կլինեն ընդունել Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Փաստաթուղթը նախատեսում է ամերիկյան պատժիչ միջոցառումներ այն պետությունների դեմ, որոնք Իրանի հետ կհամագործակցեն էներգետիկ ոլորտում:
Վաշինգտոնն այդ նախագծից Իսլամաբադի հրաժարվելու դիմաց առաջարկում է հանրապետության էներգետիկ պահանջների բավարարման այլընտրանքային տարբերակներ՝ ՋԷԿ-երի, ՀԷԿ-երի կառուցում, ինչպես նաև ՏԱՊԻ գազատարի շինարարություն: Գազատարը Թուրքմենստանից Աֆղանստանի ու Պակիստանի միջով կհասնի Հնդկաստան:
Ինչ վերաբերում է Իրանի և Պակիստանի միջև գազային մագիստրալի շինարարությանը, ապա ԱՄՆ-ը կասկածում է, որ նախագիծը կիրականացվի: «Նրանք արդեն 10-15 անգամ հայտարարել են այդ գազատարի մասին: Տեսնենք, թե նրանց մոտ ինչ կստացվի»,- հայտարարել է Նուլանդը:










































