Մոսկվայում այսօր Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կամ այլ բարձրաստիճան դեմքերի հանդիպումները նորություն չեն, և այս իմաստով կարծես թե սովորական քաղաքական ընթացակարգ է, սակայն այսօր կայանալիք հադիպումը խոստանում է լինել բավականաչփ հանգուցային, քանի որ տեղի է ունենում և՛ Հայաստանի, և՛ տարածաշրջանի, և՛ աշխարհի համար քաղաքական բախտորոշ զարգացումների ժամանակաշրջանում:
Սարգսյան – Պուտին հանդիպումից առաջ Հայաստանում տեղի են ունենում Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցության վերաբերյալ հայտարարություններ, մասնավորապես մասնակցելու և հաղթելու համար պայքարի մասին է հայտարարում ԲՀԿ-ն: Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում նստում է հացադուլի, իսկ Սերժ Սարգսյանի հանդիպման առաջարկին էլ պատասխանում է, որ կընդունի միայն Ազատության հրապարակում հանդիպելու դեպքում:
Զուգահեռաբար, Վրաստանի խորհրդարանը քվեարկում է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, և ընդդիմությունն ու իշխանությունը միասնաբար հայտարարում են, որ երկրի գերակայությունները շարունակում են մնալ Եվրամիությունն և Եվրաատլանտյան կառույցները:
Սրան զուգահեռ բողոքի ցույցեր են տեղի ունենում Բաքվում, որտեղ Ալիևի իշխանությունը կարծես թե համարվում էր անամպ երկնքի պես մի բան, սակայն պարզվում է, որ այդ երկնքում էլ կարող են ամպեր կուտակվել, որոնք ցրելու համար կարիք կլինի դիմել ոստիկանության ուժին:
Միևնույն ժամանակ, Հայաստան է այցելում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխարտգործնախարարը, որը Հայաստանում ունենում է հանդիպումներ ամենաբարձր մակարդակով, նաև հայտարարում, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է Հայաստանում ՏՏ ոլորտում, զբոսաշրջության և այլ ոլորտներում ներդրումներ անելու հեռանկարներով:
Եվ այս ամենի շարքում այսօր Պուտինն ու Սերժ Սարգսյանը քննարկելու են Մաքսային միության և Եվրասիական միության խնդիրները: Ակնհայտ է, որ իրավիճակն իսկապես հակասական է, եթե դրան ավելացնենք նաև այն, որ այսօր, ըստ ամենայնի, կորոշվի նաև Հայաստան մատակարարվող բնական գազի գինը, ինչը սոցիալական մեծ նշանակություն է ունենալու երկրի համար։ Կասկած չկա, որ Ռուսաստանն այդ գինը պայմանավորելու է Մաքսային միության և Եվրասիական միության հարցերում Հայաստանի զիջումներով: Եվ ինչքան էլ հակասական է ներկայումս իրավիճակը, այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ այդ հակասականության մեջ Հայաստանը, ինչպես երբեք, ամուր է Ռուսաստանի նախագահի հետ կարևորագույն հարցերի քննարկումից առաջ, որովհետև ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար այդ հակասականությունը պարունակում է մանևրի մեծ հնարավորություններ: Ավելին, սա ըստ երևույթին այն ամենահարմար վիճակն էր, որի մասին պաշտոնական Երևանը կարող էր երազել նման կարևոր այցելությունից առաջ:
Մոսկվայում ո՛չ «այո» և ո՛չ էլ «ոչ» իրավիճակը առավելագույնն է, որ կարող է իրեն թույլ տալ Սերժ Սարգսյանը գոնե այս անգամ, և գոնե այս անգամ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպման արտաքին միջավայրը բավական նպաստավոր է Հայաստանի համար այդ արդյունքը ակնկալելու տեսանկյունից, ինչը տվյալ պարագայում չի կարող չգոհացնել՝ նկատի ունենալով ռուսական օրակարգի մեղմ ասած՝ անընդունելիությունը Հայաստանի պետական շահերի տեսանկյունից: Այլ կերպ ասած՝ սա կարծես թե այն դեպքն է, երբ մթնոլորտային ճնշումը կլինի հայկական կողմից և, փաստորեն, հակադարձ ուժ կհանդիսանա Պուտինի ճնշմանը:






































