Երևանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակն արդեն պատրաստ է. Վարդան Օսկանյանին հաջորդում է Գուրգեն Արսենյանը, վերջինիս՝ Աժ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, որի անունը շոշափվում էր երրորդ տեղի առնչությամբ, ապա նա ոչ առաջին եռյակում և ոչ էլ տասնյակում չի լինելու:
Ըստ «Հրապարակի» աղբյուրների՝ ԲՀԿ շտաբը ղեկավարելու է երրորդ հորիզոնականը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը, որն ի դեպ, փոխնախարարի պաշտոնից ազատվել էր որոշակի մեքենայությունների հետ կապված կասկածների հողի վրա, ինչն այդպես էլ չբարձրաձայնվեց ու իրավական տեսք չստացավ: Նրա որդին այժմ զբաղեցնում է Աշխատանքի տեսչության պետի պաշտոնը: Ավագանու ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն ունի մաքսիմում և մինիմում ծրագիր, մաքսիմում ծրագրով՝ հաղթել ընտրություններում, մեծամասնություն կազմել, քաղաքապետ ունենալ, այս տարբերակի դեպքում ենթադրվում է, որ քաղաքապետ է դառնալու Գուրգեն Արսենյանը, որովհետև Վարդան Օսկանյանն ընդամենը ցուցակը ղեկավարելու համար է առաջին հորիզոնականը զբաղեցրել:
Եթե ԲՀԿ-ն չկարողանա մեծամասնություն ձևավորել, ապա մինիմում ծրագրով կփորձի քաղաքապետի առաջին տեղակալ դարձնել նույն Աբրահամ Մանուկյանին, որը, ըստ ԲՀԿ «Հրապարակի» աղբյուրի, սիրով վայր կդնի պատգամավորական իր մանդատը և փոխքաղաքապետ կաշխատի: Թե ովքեր են լինելու հաջորդիվ, ԲՀԿ-ում պաշտոնապես լռում են: Թերթի աղբյուրներն ասում են՝ ոչ մի հայտնի անուն: Հանձնարարվել է տարածքային կառույցների ղեկավարներին՝ ցուցակներ ներկայացնել: «Ամեն համայնք քվոտա ունի»,- բացատրեց թերթի զրուցակիցը:
Արդեն 2 օր է՝ ԲՀԿ-ում ցուցակներ տանել-բերելու վազքի մեջ են: Մի սկզբունք էլ է հստակեցվել՝ ընտրություններից հետո ով ինչպես է աշխատել, որքան ձայն ապահովել, ըստ դրա էլ կանցնի համապատասխան աշխատանքի քաղաքապետարանում կամ վարչական համայնքներում:







































