Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն օտարազգի բարձրաստիճան դիվանագետներին կոչ է անում մասնակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ դատական գործընթացներին։
Կազմակերպության ղեկավար Մարկ Լագոնը հայտարարել է. «ԱՄՆ-ին ու մյուս երկրներին կոչ ենք անում դեսպանների կամ բարձրաստիճան այլ դիվանագետների մակարդակով մասնակցել Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ շարունակվող դատական գործընթացներին։
(ԱՄՆ) դեսպան Ռոբերտ Սեկուտան ու մյուս դեսպանները կարող են լուրջ աջակցություն հայտնել Ադրբեջանի իրավապաշտպաններին՝ ներկա գտնվելով քաղաքական այդ գործընթացներին։
Մենք նաև ԱՄՆ-ին ու մյուս երկրներին կոչ ենք անում դատապարտել այդ գործընթացները՝ դրանց կեղծ լինելու, քաղաքական բնույթի, Ադրբեջանում այլակարծությունը խեղդելու և կառավարության կոռուպցիան քողարկելու համար։ Քաղբանտարկյալների նկատմամբ ներկայացված մեղադրանքները պետք է վերացվեն, և նրանք բոլորը պետք է անհապաղ ազատ արձակվեն»։









































