Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի նախաձեռնողն ամերիկյան կողմն էր։ Հեռախոսազրույցի ժամանակ Ցզինպինը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ձեռք բերումը ամուր կերպով պաշտպանում է չտարածման միջազգային ռեժիմը և դրական ազդանշան է ամբողջ աշխարհի համար։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ը։
Սի Ցզինպինը Օբամային հայտնել է, որ համաձայնագիրն օգտակար փորձ է՝ միջազգային վեճերը լուծելու բանակցությունների միջոցով։ Նա հավելել է, որ ՄԱԿ ԱԽ-ի կողմից համաձայնագիրը հավանության արժանացնելը միջազգային լայն ճանաչման վկայություն է և «վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանն աջակցություն։
Օբաման իր հերթին շնորհակալություն է հայտնել Չինաստանին այն կարևոր դերի ու ներդրման համար, որը երկիրն ունեցել է պատմական այդ համաձայնագրին հասնելու հարցում։ Օբաման պատրաստակամություն է հայտնել, որ ամերիկյան կողմը չինական կողմի հետ համատեղ ջանքեր կգործադրի համաձայնագրի գործնական կիրառման ուղղությամբ։
Բացի այդ, երկու առաջնորդները գնահատական են տվել երկկողմ հարաբերություններին։ Սի Ցզինպինը հաստատել է, որ այս տարվա սեպտեմբերին մեկնելու է ԱՄՆ։ Օբաման իր հերթին հայտարարել է, որ անձամբ սպասում է այդ այցին՝ հավելելով, որ ներկայումս տարվում է նախապատրաստական համապատասխան աշխատանք։









































