«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը։
– Մա՛քս, օրերս «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Արթուր Քոչարյանը հայտարարել էր, որ հիմա փորձում են մեկուսացնել Վաղինակ Շուշանյանին, քանի որ նա այնքան առաջ ընկավ շարժումից, որ իշխանությունը որոշում էր նրա հետ հարաբերություններ հաստատել ու հարցեր լուծել։ Արդյոք սա ձեր նախաձեռնությա՞ն կարծիքն է, թե՞ Արթուր Քոչարյանի անձնական կարծիքն է։
– Ճիշտն ասած, հարցազրույցը լսել եմ, բայց դեռ Արթուր Քոչարյանի հետ չեմ խոսել։ Բայց գիտեմ, որ Վաղինակն ինքն էլ փորձում է մի քիչ հանգստանալ, որովհետև թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես նա բավականին հոգնել էր այդ լարված իրավիճակից։ Հենց ինքը ցանկություն ուներ հանգստանալու։
– Կարծում եք՝ նա առա՞ջ էր ընկել «Ոչ թալանին» նախաձեռնությունից։
– Չէ, նման բան չէի ասի, որովհետև Վաղինակն ինքն էլ իր էջում գրել էր, որ հանգստի կարիք ունի, երեք օրով էլ բուժման կարիք ուներ։
– Իսկ առաջիկայում «Ոչ թալանին» նախաձեռնությունն արդյոք մեծ հանրահավաք կանի՞։
– Բնականաբար, մենք հայտարարել ենք պայքարը շարունակելու մասին, և հավաքներ ու երթեր լինելու են անպայման։
– Ինչպե՞ս եք պատկերացնում պայքարի հետագա ընթացքը։ Արդյոք միայն մարզեր այցելությունները կարո՞ղ են օգուտ տալ, արդյոք դրանք կօգնե՞ն ավելի արագ մոբիլիզացիա կազմակերպելուն։
– Մենք միայն մարզեր չենք այցելում։ Պայքարը մենք փողոցում էլ ենք շարունակում, մի քանի օր առաջ էլ ունեցանք երթ դեպի դատախազություն, որի ընթացքում նաև փողոց փակեցինք։ Այսինքն՝ մարզեր այցելությունները պարզապես զուգորդվում են հանրահավաքային ու փողոցային պայքարի հետ։ Այնպես չէ, որ միայն մարզեր այցելությունն է։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ շարժումը տարբեր թևերի բաժանվեց, մարդիկ տարբեր խմբեր ձևավորեցին։
– Ընդհանրապես ես դրական եմ վերաբերվում տարբեր նախաձեռնություններին։ Որքան մեծ շրջապատ լինի պայքարի, այնքան ավելի լավ։ Որևէ խնդիր չեմ տեսնում այս մասով, որովհետև այստեղ էականը խնդրի լուծումն է, ոչ թե այն, թե քանի ճակատով ես գործում։ Կարևորը՝ հասնես խնդրի լուծման, իսկ թե այդ ընթացքում կգործես մե՞կ ճակատով, թե՞ 10 ճակատով, խնդրի երկրորդ կողմն է և այդքան էլ էական դեր չունի տվյալ դեպքում։
– Իսկապե՞ս իշխանությունը Վաղինակ Շուշանյանին լիդեր սարքելու ծրագիր ուներ, ինչպես Արթուր Քոչարյանն է պնդում։
– Իրականում ոչինչ բացառել չի կարելի, բայց կարծում եմ՝ այս դեպքում թե՛ այդ տարբերակն է հնարավոր, թե՛ այն, որ պարզապես ես ու Վաղինակ Շուշանյանը վերջին շրջանում շատ երևացինք մամուլում, և մարդկանց մեջ սխալ ընկալում եղավ, որ կան լիդերներ և այլն։
– Իսկ ընդհանրապես, շարժումները պե՞տք է լիդերներ ունենան։ Օրինակ՝ հենց «Ոչ թալանին» շարժումը ցույց տվեց, որ երբ լիդերները չկան, շարժման հաջողությունը կասկածի տակ է հայտնվում։
– Եթե անկեղծ լինենք, ես կարծում եմ, որ չպետք է լինեն լիդերներ, ինքս դեմ եմ այդ երևույթին։ Առանց լիդերների քաղաքացիական շարժումներով, ինչպես ունեինք Բաղրամյանում, ավելի մեծ է հաջողությունը։ Օրինակ՝ մեկը որոշում էր թմբուկ բերել ու բերում էր, մյուսը որոշում էր մահճակալ բերել ու քնել դրա վրա, բերում էր։ Այսինքն՝ ամեն մարդ ինքն էր որոշում իր քայլերը, բնականաբար, եթե դրանք չեն վնասում ընդհանուր գլոբալ շահերին։ Շատ ավելի նախընտրելի են առանց լիդերների շարժումները։
– Մաքս, իսկ կկարողանա՞ք մեծ հանրահավաք իրականացնել՝ հաշվի առնելով, որ հանրությունն այլևս այնքան էլ հանրահավաքների չի գնում Բաղրամյանի պիկից հետո։
– Բաղրամյանի պիկից հետո, որպես այդպիսին, մեծ հանրահավաք չի եղել, հետևաբար որևէ մեկը չի կարող ասել, որ հանրությունը չի գնում նման հավաքի։ Ոչինչ բացառել հնարավոր չէ, և կարծում եմ՝ կարող է ավելի մեծ բազմություն հավաքվել հաջորդ հավաքին։ Պարզապես պետք է ճիշտ ժամանակ ընտրել, ճիշտ տեղում։
– Մինչև օրս հստակ չպարզվեց, թե որտեղից են վճարելու էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամի փոխհատուցումը։ Նաև պարզ չէ աուդիտի անցկացման հեռանկարները։ Այս հարցադրումները, ձեր կարծիքով, կարագացնե՞ն ձեր շարժման գործողությունները։
– Այս պահին հստակ չեմ կարող ասել, քանի որ, նախ, աուդիտի վերաբերյալ զուտ հայտարարություն է եղել, բայց ո՛չ ժամկետի մասին է հստակ նշված, ո՛չ դրա տեխնիկական առաջադրանքներն են հստակեցված։
– Արթուր Քոչարյանը նաև նշել է, որ իշխանությունը այսպես կաներ, նախ կփորձեր Վաղինակ Շուշանյանին լիդեր դարձնել, հետո կպարզվեր, որ նա տգետ է։ Այս բնութագրումները «Ոչ թալանին» նախաձեռնությանը չի՞ վիրավորում։
– Կարծում եմ՝ դա պարզապես օրինակներ են եղել, բառացի որակավորումներ չեն տրվել։ Կարծում եմ՝ դրանով Արթուրը փորձել է ուղղակի իր ասելիքը հիմնավորել, թե ինչ կարող էր լինել։ Այսինքն՝ սա ընդամենը տարբերակ ու կարծիք է, ոչ ավելին։
– Մաքս, իսկ դուք համագործակցություն պատկերացնո՞ւմ եք նոր ձևավորված շարժումների հետ, որտեղ նաև քաղաքական կողմնորոշում ունեցող մարդիկ են առաջնորդում։
– Ոչինչ բացառել հնարավոր չէ՝ հաշվի առնելով, որ բոլորն էլ առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ են։ Բացի դրանից՝ հոսանքի թանկացման դեմ պայքարի առաջին օրվանից կարելի էր տեսնել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ պատերին վիրավորական արտահայտություններով պաստառներ են փակցվում շարժման ակտիվ մասնակիցների նկարներով, որոնք հիմա այլ շարժումներում են։
– Դա ընդամենը ծիծաղելի է և ապացուցում է դրանց հեղինակների խղճալի վիճակում գտնվելը։ Մենք բոլորս էլ գիտենք ով ով է, ով ինչով է զբաղվում, և այս դեպքում, բնականաբար, բոլորն էլ հասկանում են, թե ում կողմից դա կարող է արված լինել։ Հետևաբար որևէ լուրջ արձագանք ես անձամբ չեմ պատրաստվում տալ այդ երևույթին։
– Նկատի ունեք ոստիկանությա՞նը։
– Այո, հիմնականում քաղաքացիական հագուստով ոստիկանները կամ նրանց ընկեր- բարեկամներն են անում, ում նկարները մենք պահել էինք մեր վերջին երթի ժամանակ և պահանջում էինք նրանց հանդեպ քրեական գործ հարուցել ու պատժել։











































