Հորդանանի թագուհի Ռանիա Ալ Աբդուլլահը երեկ այցելել էր մայրաքաղաք Ամանի Ջեբել Ալ-Աշրաֆիեհ թաղամասում գտնվող Հայ օգնության միություն: Այս մասին հայտնում է Jordan News Agency-ն:
1946 թվականին հիմնադրված Հայ օգնության միությունը կոչված է պահպանելու Հորդանանի հայերի մշակութային ինքնությունը, ապահովելու համայնքի կրթական, սոցիալական և առողջապահական կարիքները, ինչպես նաև աջակցելու, որ քաղաքացիներն առավելապես ներգրավվեն հանրային ծառայություններում և տեղի համայնքներին սատարող տեղի կազմակերպություններում:
Միությունը նաև մարդասիրական օգնությամբ է ապահովում կարիքավոր ընտանիքներին, կրթաթոշակ տալիս ուսանողներին՝ անկախ նրանց էթնիկ ծագումից ու կրոնական պատկանելությունից:
Այցի ընթացքում թագուհին հանդիպել է միության կառավարման խորհրդի անդամներին, այդ թվում՝ փոխնախագահ Արսինե Ջամբազյանին, որը թագուհուն ներկայացրել է միության տարբեր ծառայությունները, մասնավորապես՝ կանանց վերաբերող: Նա համայնքի երախտագիտությունն է արտահայտել հորդանանյան ղեկավարությանը:
Թագուհի Ռանիան այնուհետև հանդիպել է միության գլխավոր ասամբլեայի անդամներին և շնորհավորել կին անդամներին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Նա հավելել է, որ Հորդանանը հարուստ է իր բազմազանության և այնտեղ ապրող մարդկանց շնորհիվ, և հայտնել է, որ հայերը հորդանանյան մեծ ընտանիքի մի մասն են:
Թագուհին հավելել է, որ այդ միությունը եզակի է և շատ հայտնի՝ իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
Կառավարման խորհրդի անդամ Ալինա Բանայանը ներկայացրել է Հորդանանում հայկական համայնքի պատմությունը: Այլ կանայք կիսվել են իրենց պատմություններով, ներկայացրել, թե ինչպես են սկսել իրենց հասարակական աշխատանքը:
Թագուհին դիտել է նաև հայկական ժողովրդական երիտասարդական ARAZ պարի խմբի ելույթը: Խումբը հիմնվել է 2007 թվականին՝ որպես Հորդանանում հայերի մշակութային ինքնության պահպանման միջոց: Խումբը ներկայում կազմված է 47 անդամից:
Մինչ այցի ավարտը թագուհին ուսումնասիրել է ձեռագործ իրերն ու փորձել ավանդական կերակրատեսակները՝ պատրաստված Հայ օգնության միության անդամների կողմից:










































