ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության մասնագետները 2014 թվականը համարել են դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ տարին։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Անցյալ տարի կլիման առանձնացել է սառցադաշտերի արագ հալոցքով և շոգ օրերի ու ցիկլոնների թվաքանակի աճով: 2014 թվականի վերջին մոլորակի վրա օդի ջերմաստիճանը 135 տարիների ընթացքում եղել է ամենաբարձրը: Նոր ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել ավելի քան 20 եվրոպական երկրներում, ինչպես նաև Աֆրիկայում, Ասիայում և Ավստրալիայում:
Ծովի միջին մակարդակը վերջին քսան տարիների ընթացքում տարեկան բարձրացել է 3,2 մմ-ով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի 10 խոշորագույն մեգապոլիսներից 8-ը գտնվում են ծովափերին, այդ միտումը մեծ վտանգ է պարունակում: Դրա հետևանքով բարձրանում է ջրհեղեղների և ափերի էրոզիայի ռիսկը: 1990 թվականից սկսած՝ ավելի շատ են հալվում սառցադաշտերը, իսկ 2000 թվականից սկսած՝ ավելացել է հալոցքի ինտենսիվությունը:
Կլիմայական փոփոխությունները ազդում են նաև արտակարգ եղանակային երևույթների վրա: Ամբողջ աշխարհում ավելանում է շոգ ցերեկների քանակը, և պակասում են ցուրտ գիշերները:







































