Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը օտարերկրյա բոլոր ավիաընկերություններին հրավիրում է վերսկսել իրենց չվերթները:
Ախունդիի այս հայտարարությունը հնչել է Վիեննայում «Վեցյակի» ու Իրանի միջև միջուկային համաձայնագրի ձեռքբերումից հետո: Խոսելով գործարքի դրական կողմերի մասին` Ախունդին հայտարարել է, որ Իրանը ներկայումս կարող է անմիջական գնումներ կատարել օտար խոշոր ավիաընկերություններից, ինչը մասնավորապես վերաբերում է փոքր թռիչքուղով մարդատար ինքնաթիռների գնմանը:
Ախունդին հավելել է, որ ոչ վաղ անցյալում Ֆրանսիա կատարած այցի ժամանակ պայմանագրեր է կնքել ֆրանսիական մի շարք ընկերությունների հետ, որոնց ներկայացուցիչները սեպտեմբերին կժամանեն Իրան` օգնելու համար Թեհրանի ու Մեշհեդի օդանավակայանների վերանորոգմանը:
Նախորդ ամիս Ախունդին հայտարարել էր, որ Իրանը միջուկային բանակցություններում առաջընթացին զուգահեռ բանակցություններ է վարում օտար ընկերությունների հետ` ավիապահեստամասեր գնելու համար: Ախունդին հայտարարել է, որ իրենք պլանավորում են թարմացնել Iran Air ավիաընկերությունն ու այն վերածել համաշխարհային կարգի ավիաընկերության:









































