Երկնքի վառ սպիտակ ամպերի գրեթե կեսը իր ծագումով պարտական է Երկրի օվկիանոսներում ֆիտոպլանկտոնի կենսագործունեությանը: Նրա բջիջները մթնոլորտ են արտազատում հսկայական քանակությամբ աերոզոլներ, որոնցից էլ գոյանում են ամպերը։ Այս մասին հայտնում են ֆիզիկոսները Science Advancec ամսագրում տպագրված հոդվածում:
Գիտնականները դեռ վիճում են, թե ինչու և ինչպես է ջրի գոլորշին մթնոլորտում վերածվում կաթիլների՝ ձևավորելով տարատեսակ ամպեր: Նրանք ենթադրում են, որ այդ գործընթացը չի կարող ինքնաբերաբար սկսվել: Դրա համար խտացման «սաղմեր» են պետք՝ մասնիկներ, որոնց կպչում են ջրի առաջին մոլեկուլները, որոնք այնուհետև իրենց են ձգում մյուսները և ձևավորում կաթիլ:
Այդ սաղմերի դերում կարող են հանդես գալ փոշու միկրոմասնիկները կամ հրաբուխների և մեքենաների արձակած մուրը: Այդ վարկածի օգտին շատ ապացույցներ կան, սակայն հակասում է այն, թե այդ դեպքում ինչպես են այդ ամպերն առաջանում այնտեղ, որտեղ չկան փոշի, ավտոմեքենա և հրաբուխ՝ օվկիանոսների և ծովերի վրա:
Խաղաղօվկիանոսյան ազգային լաբորատորիայի աշխատակիցները այդ ամպերի գոյության հնարավոր բացատրություն են տվել:
Ինչպես պնդում են գիտնականները, այսպես կոչված՝ «Հարավային օվկիանոսը» մեր մոլորակի ամենաամպաշատ վայրերից է, նրա ջրերը գտնվում են ցամաքից մեծ հեռավորության վրա, ինչն էլ հնարավորություն է տվել գիտնականներին ուսումնասիրելու, թե ինչպես են ծագում ծովային տարատեսակ օդակաթիլները: Դրանց մեջ մտնում են ֆիտոպլանկտոնի արտազատած նյութերը, որոնք կազմում են օդակաթիլային մասնիկների գրեթե կեսը:
Դրանց քանակը հատկապես ավելանում է ամռանը և աշնանը, երբ պլանկտոնը ծաղկում է: Նրա արտազատած այդ մասնիկները ոչ միայն ձևավորում են ամպերը, այլև դրանք դարձնում մարդու աչքի համար նկատելի ավելի ճերմակ և փայլուն:
Ընդհանուր առմամբ պլանկտոնի ծաղկումը յուրաքանչյուր ամառ գրեթե երկու անգամ ավելացրել է օդակաթիլային մասնիկների քանակը մթնոլորտում: Նրանց առաջացրած խիտ ամպերը իրենց հերթին ավելի շատ են տիեզերք անդրադարձնում արևի ճառագայթների արձակած էներգիան, ինչն էլ նպաստում է երկրագնդի սառչելուն:







































