Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վարվող բանակցություններն ինտենսիվացնելու ժամանակը:
«Կան հիմքեր՝ կարծելու, որ եկել է մեր ջանքերն ինտենսիվացնելու ժամանակը։ Հաշվի առնելով ընդհանուր տրամադրվածությունն ու արդյունքի հասնելու նպատակամղվածությունը՝ մենք կարող ենք ապահովել այդ առաջընթացը»,- ասել է նա։
Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ անցկացված տևական բանակցությունների ավարտը հույս է ներշնչում, որ Ղարաբաղյան հակամարտության խնդիրը նույնպես կարելի է լուծել. «Կարգավորումը դրվում է ռելսերի վրա՝ շուտափույթ բեկման համար»։







































