ԱՄՆ-ում բնակվող անանուն բարերարը օրերս շուրջ 1.8 մլն դոլար է նվիրաբերել Հայաստանում գործող 3 ոչ կոմերցիոն կազմակերպությունների (Armenia Tree Project, Armenian American Wellness Center և Armenian EyeCare Project)։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։ Դրանցից յուրաքանչյուրը ստացել է շռայլ նվերի 1/3-ը։
«Շատ փոքր օգնություն Հայաստանին». այսպես է նա բացատրել իր քայլը։ Անանուն բարերարը խոսել է իր ընտանիքի անդամների մասին, որոնց հիշատակին էլ ցանկացել է անել իր նվիրատվությունը, հատկապես՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։ Նա նշել է, որ իր ընտանիքի վերջին ողջ անդամը՝ Սիոնա անունով քույրը, մահացել է անցած տարի։
Հայրը՝ Հարին, ԱՄՆ էր գաղթել Խարբերդից 1912-ին՝ Հայոց ցեղասպանությունից առաջ, և հաստատվել է Վուսթեր քաղաքում։ «Նա միշտ գումար էր ուղարկում իր հայրիկին, որը գտնվում էր Խարբերդում։ Մի օր նրա գումարը հետ է գալիս, և նա այլևս երբեք ոչինչ չի լսում իր ընտանիքի մասին,- պատմել է անհայտ բարեգործը։
Մայրը նույնպես ծնվել է Խարբերդում 1905-ին։ Նա քրոջ հետ տեղափոխվել է Մասաչուսեթս 1920-ին, երբ նրանց հորաքույրը, որն այդ ժամանակ ապրում էր ԱՄՆ-ում, պարզել է, որ նրանք ողջ են մնացել Ցեղասպանությունից հետո։
«Ես ունեմ այն ամենը, ինչ պետք է ինձ՝ տանիք, սնունդ և տաք անկողին։ Այժմ ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին՝ հայաստանցիներին»,- ասել է նա։















































