Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվել էր շվեդական ԱԻԿ-ին:
Կոպիտ պայքարում ընթացած հանդիպման 25-րդ րոպեին Արամ Հովհաննիսյանը խախտեց կանոնները տուգանային հրապարակի սահմաններում և իր թիմի դարպասին բերեց 11 մետրանոց: Բանգուրան հարվածեց, բայց Երմակովը հիանալի խաղաց և ետ մղեց գնդակը:
Սակայն ընդամենը 4 րոպե անց Գոիտոմը բացեց հաշիվը՝ օգտվելով գյումրեցիների անուշադիր խաղից:
Երկրորդ խաղակեսում եղավ ամեն ինչ. գոլ, 11 մետրանոց, վիճաբանություններ և երեք կարմիր քարտ: Խաղադաշտից հեռացվեցին Արամ Հովհաննիսյանը, Գոռ Մալաքյանն ու Անդրանիկ Բարիկյանը:
Իսկ 83-րդ րոպեին Գոիտոմը 11 մետրանոցը հստակ իրացրեց և հաշիվը դարձրեց 2:0:
Գյումրեցիները, այնուամենայնիվ, հաջորդ փուլ դուրս գալու շանսեր պահպանում են: Մեկ շաբաթ անց Գյումրիում Վարդան Բիչախչյանի թիմը կփորձի ետ բերել կորցրածը:






































