Այսօր արտառոց իրադարձություն է տեղի ունեցել կառավարությունում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի խոսակցությանը, որը վերաբերել է «Նաիրիտի» աշխատակիցների պարտքի վճարմանն ու այդ հարցով բողոքին, անսպասելիորեն միջամտել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Անսպասելին ոչ այնքան միջամտության փաստն է ինքնին, ինչքան այն, որ Գորիկ Հակոբյանը միջամտել ու հայտարարել է, որ մարդիկ չեն հավատում կառավարությանը:
Համաձայնեք, որ գրեթե ամեն օր և օրը մի քանի տասնյակ գործիչների անունից հնչող այս արտահայտությունը ինչ-որ առումով նույնիսկ աներևակայելի է լսել Ազգային անվտանգության ծառայության պետի շուրթերից: Հետո Գորիկ Հակոբյանը հայտարարել է, որ ինքը նիստում ընդամենը ներկայացրել է «նաիրիտցիների» մոտեցումները: Սակայն այս հայտարարությունն առավել քան արտառոց է դարձնում իրավիճակը, որովհետև կարծեք թե «նաիրիտցիները» իրենց մոտեցումները ներկայացնելու խնդիր չունեն, այդ մոտեցումները գրեթե ամեն օր մամուլի էջերում են և միանգամայն հասանելի են կառավարությանը: Այնպես որ, «նաիրիտցիների» «մամուլի խոսնակի» դերում ԱԱԾ տնօրենին տեսնելը էլ ավելի է արտառոց դարձնում իրավիճակը:
Այն, որ Գորիկ Հակոբյանը հրապարակավ ինչ-որ մեսիջներ է փոխանցում՝ սա միանշանակ է: Եվ երևի թե միանշանակ է, որ այդ մեսիջները բոլորովին կապ չունեն «նաիրիտցիների» հետ, և նրանց բողոքը ընդամենը առիթ է: Իսկ թե ինչի հետ կապ ունեն մեսիջները, շատ դժվար է ասել: Մի բան պարզ է, որ դրանց, այսպես ասած, պոտենցիալ կապի թեմաները այսօր բավական են՝ և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ներիշխանական, և՛ արտաքին ոլորտներում:
Շատ հավանական է, որ կապն ուղղակի որևէ թեմայի հետ չկա, այլ պարզապես ԱԱԾ տնօրենի արտառոց ելույթը ընդհանրապես վկայությունն է իշխանական համակարգում արտառոց իրավիճակի, որ ստեղծվել է խնդիրների այդ ամբողջական և բավական ծավալուն համախմբի առկայության արդյունքում: Եվ այս իրավիճակում ԱԱԾ ղեկավարի մակարդակով նման արտահայտությունը, նման հրապարակային ելույթը ըստ էության վկայում է իրավիճակն անգամ իշխանական համակարգի ներսում «դանակը ոսկորին» հասած լինելու մասին: Մնում է հասկանալ, թե ում «դանակը» ում «ոսկորին»:
Այս իմաստով հարց է առաջանում, թե պատահակա՞ն էր արդյոք ԱԱԾ պետի նմանօրինակ անսպասելի միջամտությունը և իշխանության հանդեպ մարդկանց վստահության բացահայտման մասին հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակման հաջորդ օրն իսկ, կամ արդարադատության նախարարի ոչ պակաս անսպասելի պաշտոնանկությունից հետո:
Սրանք հարցեր են, որոնք, իհարկե, պատասխան կարող են ստանալ ժամանակի ընթացքում: Բայց, որ Գորիկ Գուրգենիչը նոր «հանձնարարություն է» ստացել, սա երևի թե ակնհայտ է: Ըստ որում՝ սա կարող է լինել ԱԱԾ պետի պաշտոնում նրա վերջին հանձնարարությունը, առավել ևս, որ նրա կենսաթոշակի տարիքը վաղուց լրացել է և երկար ժամանակ է, ինչ խոսք է գնում նրա փոփոխության մասին:
Ըստ որում՝ բացառված չէ նույնիսկ, որ ԱԱԾ պետն ըստ էության ստանձնում է ներիշխանական գործընթացում մի դերակատարում, որը հնարավոր է լոկ պաշտոնը թողնելուց առաջ, այսինքն՝ որից հետո կմնա միայն հեռանալ պաշտոնից: Թեև բացառված չէ նաև, որ մինչ նրա հեռանալն այդ դերակատարության արդյունքում հեռանան մի շարք այլ պաշտոնյաներ:







































