Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Գևորգ Դավթյանը դարձել է Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի ղեկավար։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Շամիլ Գյոքբերքին, ով պաշտոնաթող է եղել տարիքի պատճառով։ Գևորգ Դավթյանը մինչ այդ օպերայի երգչախմբի ղեկավարն էր։
Դավթյանը «Ակօս» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ այսօր Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման առաջին օրն է։ Նա ընդգծել է, որ դա պատասխանատու պաշտոն է, և շատ երջանիկ ու հպարտ է, որ այն վստահվել է իրեն։ Արվեստագետ Գևորգ Դավթյանը ծնվել է 1968 թվականին Ստամբուլում։
Տարբեր ժամանակահատվածներում նա երգել է մանկական երգչախմբերում, իսկ պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995-1996 թվականներից։ Որպես մենակատար և երգչախմբի ղեկավար՝ Դավթյանը բազմաթիվ համերգներ է տվել Փարիզում, Մյունխենում, Մոնրեալում, Պլովդիվում, Հանովերում, Էսենում, Սալեռնոյում, Բուխարեստում, Պեկինում, Շանհայում։









































