Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցանքները քննող դատարանում տեղի է ունեցել Լեյլա և Արիֆ Յունուսների գործի նախապատրաստական նիստը։ Հաղորդվում է, որ ամուսինները կալանքի տակ գտնվելիս բավական նիհարել են և հիվանդ մարդու տեսք են ունեցել։
Նրանց փաստաբաններն ընդգծել են, որ չկան Արիֆ և Լեյլա Յունուսների կողմից հանցանք գործելու ապացույցներ և միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել նրանց կամ էլ տնային կալանք տալ։ Լեյլա Յունուսի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է՝ հիշեցնելով, որ նա երկու աչքի շրջանում 6 անգամ ենթարկվել է վիրահատության, տառապում է շաքարային դիաբետից և հեպատիտ C-ից։ Փաստաբանի խոսքով՝ Լեյլա Յունուսի առողջական ծանր վիճակը հաստատել են նաև միջազգային մասնագետները, ովքեր նրան զննել են կալանքի տակ եղած ժամանակ:
«Լյարդի քայքայումը կասեցնելու համար նրան գրել են «խարբոնի» դեղամիջոց, որի տուփն արժե 40.000 եվրո։ Այն Լեյլա Յունուսին հատկացնում է Գերմանիայի դեսպանատունը։ Դա նրա առողջական վիճակի լրջության ցուցիչ է և վկայում է, որ կալանքի տակ պահելը սպառնալիք է նրա կյանքի համար։ Ես չեմ ցանկանում, որ Լեյլա Յունուսը մահանա կալանքի մեջ»,- ասել է նա։
Իր ելույթում Լեյլա Յունուսը դժգոհել է, որ չի կարողանում ընդունել Գերմանիայի դեսպանատան տրամադրած թանկարժեք դեղամիջոցը, քանի որ դրա հետ մեկտեղ պետք է ընդունի ևս 6 դեղ, որպեսզի այն վնաս չպատճառի օրգանիզմին։ Յունուսը բողոքել է որովայնի ստորին մասում ու թիկունքին ունեցած ցավերից։
Նա ընդգծել է, որ իր նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություններ և լրջորեն վնասել են ձախ աչքի տեսողությունը։ Նա ընդգծել է, որ Արիֆ Յունուսի ծոծրակին առկա է խոշոր հարվածի հետքը: «Մեզ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել»,- ասել է նա։
Դատարանը մերժել է ամուսինների փաստաբանների բոլոր միջնորդությունները։








































