«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին, ով Մադրիդի «Ռեալ»-ից «Պորտու» է տեղափոխվել: Կիսապաշտպանը նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերում Իսպանիայի հավաքականի իր խաղընկերոջը:
«Պետք է նշեմ, որ մեծ հարգանքով եմ վերաբերում Իկեր Կասիլյասին: Մենք նրա հետ լավ ընկերներ ենք: Միասին լավ և վատ ժամանակներ ենք ապրել, ինչի շնորհիվ մտերմացել ենք: Իկերը միշտ ժպտում է, կատակում և փորձում օգնել քեզ, եթե տխուր ես: Նա ազնիվ, անկեղծ ու նպատակասլաց մարդ է:
Հիշում եմ` երբ «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հարաբերությունները շատ լարված էին և ամեն ինչ օրեցօր ավելի ու ավելի էր բարդանում, Իկերը զանգահարեց ինձ և ասաց, որ պետք է ինչ-որ բան անենք` մեր թիմերին օգնելու և փոսից դուրս գալու համար: Չգիտեմ, թե ինչով կավարտվեր ամենը, եթե չլիներ Իկերի զանգը: Նա իսկական առաջատար է»,- Marca-ն մեջբերում է Չավիի խոսքերը:









































