Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Սերգեյ Ս.-ի գործի դատական քննությունը:
Նախկինում 4 անգամ դատված 32-ամյա Սերգեյը մեղադրվում է 57 տարեկան կնոջ բռնաբարելու, ինչպես նաև գողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 16-ին, ժամը 17-ի սահմաններում Սերգեյը ձայն է տվել տնակում ապրող իր ծանոթին: Համոզվելով, որ նա տանը չէ՝ Սերգեյը մտել է հարևան տնակ, այնտեղ բնակվող 57-ամյա կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել՝ կնոջը հրել-գցել է մահճակալին, սպառնալով ու ֆիզիկական ուժ գործադրելով՝ հաղթահարել է կնոջ դիմադրությունը ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Բացի այդ, առաջադրված մեղադրանքի համաձայն, 2014 թվականի դեկտեմբերի 19-ի կեսօրին Սերգեյը, գտնվելով նույն տնակային թաղամասում, ցանկապատն անցել ու մուտք է գործել տնակներից մեկի բակ, խոհանոցի ապակին հանել ու մուտք է գործել տնակ և հափշտակել է 358 հազար 800 դրամ ընդհանուր արժողության իրեր՝ մի քանի բջջային հեռախոս, հեռուստացույց, ճտքակոշիկներ, ինչպես նաև կես լիտր օղի ու երկու լիտրանոց բանկայով մեղր:
Սերգեյ Ս.-ի խափանման միջոցը կալանավորումն է:








































