Ազգագրագետները նորմալ չեն համարում, որ ավանդույթ է ձևավորվել հայկական երաժշտական մրցանակաբաշխություններ անցկացնել Հայաստանից դուրս, մասնավորապես` Ռուսատանում:
Ազգագրագետ Կարինե Բազեյանի խոսքերով`ազգային կոչվող այս մրցանակաբաշխությունները չեն ներկայացնում ազգի ընտրյալներին: «Հայտնի ասացվածքի համաձայն` ով վճարում է այս մրցանակաբաշխությունների անցկացման համար, նա էլ որոշում է դրանց տեղն ու որակը: «Տաշիր» կամ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունները, որոնք անցկացվեցին Մոսկվայում վերջերս, ոչ մի կապ չունեն ազգային մշակույթի հետ, դրանք ցույց են տալիս միայն կազմակերպիչների երաժշտական ճաշակը»,-ասում է Կարինե Բազեյանը:
«Հայաստանից դուրս ազգային միջոցառումների անցկացումը, իհարկե, խոսում է նախ մեր գավառամտության մասին, սակայն, իմ կարծիքով, այս ամենի պատճառը ավելի շատ այն է, որ, բարեբախտաբար, նման շոու-բիզնեսի կարիք այստեղ` Հայաստանում, չունենք»,- մեզ հետ զրույցում կարծիք է հայտնում մեկ այլ ազգագրագետ՝ Գայանե Շագոյանը: Ըստ նրա՝ ոչ միայն հայկական շոու-բիզնեսն է միտված սպասարկելու դրսի շուկան, այլև տնտեսության այլ ճուղեր ևս, ուղղակի դա այդքան ակնառու չի երևում:
Շագոյանը նորմալ չի համարում նաև նման ճոխ մրցանակների բաշխումը մեր աղքատ երկրում: «Այս մրցանակները և հասարակության մեջ առաջացած մեծ դժգոհությունը հերթական անգամ ցույց են տալիս նախ`սոցիալական ծայրաստիճան բևեռացումը, որ կա մեր երկրում, և նաև՝ որ այդ երգիչները հասարակության կողմից սիրված չեն և աստղ չեն համարվում»:








































