Հայաստանից արտերկիր հանգստի մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից, որտեղ ավիատոմսերը շեշտակի էժան են: Տուրիստական գործակալություններից ևս հայտնում են, որ հատկապես ընտանիքով ճամփորդողները նախընտրում են Թբիլիսիից մեկնել, քանի որ այդպիսով կլորիկ գումար են տնտեսում: Օրինակ՝ հուլիսի 10-17 ընկած ժամանակահատվածի համար Երևանից Բարսելոնա ավիատոմսը հետադարձով արժե 850 եվրո, իսկ Թբիլիսիից՝ 427:
Կրկին հետադարձով Երևանից Փարիզ ավիատոմսը 594 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 374: Շեշտակի տարբերություն կա Հռոմի ուղղությամբ, որը Երևանից արժե 623 եվրո, իսկ Թբիլիսիից՝ 407: Դեպի Կիպրոս Երևանից ու Թբիլիսիից տարբերությունը ավելի քան հարյուր եվրո է: Շուրջ 100 եվրոյի տարբերություն կա նաև Չեխիայի ուղղությամբ. Երևանից Պրագա՝ 584 եվրո, իսկ Թբիլիսիից՝ մոտ հարյուր եվրո պակաս: Կրետե կղզի վերոնշյալ ժամանակահատվածում մեկնելիս Թբիլիսիից ավիատոմս կարելի է գտնել կիսով չափ էժան. Երևանից 605 եվրո է, Թբիլիսիից՝ 322 եվրո:
Վրաստանը ոչ միայն ավիատոմսերի մատչելիությամբ է մեզ գերազանցում, այլև՝ ուղիղ չվերթների: Օրինակ՝ Վրաստանից մշտապես ուղիղ չվերթ կա դեպի Ամստերդամ, Շարմ Էլ Շեյխ, Մյունխեն, Հռոմ: Հայաստանը, թերևս, Վրաստանին գերազանցում է միայն այս ոլորտում մեր բարձրաստիճան պաշտոնյանների հնչեցրած անկատար խոստումներով: Ի դեպ նույնսիկ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ պատգամավորները, նախընտրում են հանգստի մեկնել Թբիլիսիից:
Ավիատոմսերի արժեքի վերաբերյալ տվյալները «Առաջին լրատվական»-ին տրամադրել է Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերությունը:








































