Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Լիբանանի մայրաքաղաքում քրիստոնյաների պաշտպանության օգտին հակակառավարական ակցիա են կազմակերպել Ազատ հայրենասիրական շարժման ակտիվիստները:
Փողոցային ակցիաներ անցկացնելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել Լիբանանի քրիստոնյաների խոշորագույն միավորման առաջնորդ Միշել Աունը: Նա Թամամ Սալյամի կաբինետին մեղադրել է նախագահական լիազորությունները չարաշահելու համար: Բեյրութի կենտրոնում հավաքված ակտիվիստները փորձել են մուտք գործել Սերայի կառավարական նստավայր, սակայն նրանց կանգեցրել են զինվորներն ու ժանդարմները: Մի շարք տեղերում բախումներ են գրանցվել ցուցարարների ու իրավապահների միջև, որոնք շուտով ավարտվել են:
Քրիստոնյաների բողոքի ակցիան կապված է Լիբանանում հանրապետության ղեկավարին ընտրելու շուրջ տիրող քաղաքական ճգնաժամի հետ: Պետական բարձրագույն պաշտոնը ցայժմ թափուր է, նախորդ տարվա մայիսի 25-ին Միշել Սուլեյմանը լքել էր նախագահական նստավայարը: Ազատ հայրենասիրական շարժումը ձգտում է հասնել նրան, որ նախագահի պաշտոնը զբաղեցնի իր առաջնորդ, 80-ամյա Աունը, որը չնայած պատկառելի տարիքին՝ ամենաճանաչված քրիստոնյա քաղաքական գործիչն է:








































