ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց այն միջադեպը որ իրեն և պատվիրակության մեկ այլ անդամի` Զարուհի Փոստանջյանին հնարավորություն չէր տրվել հարց ուղղել Թուրքիայի վարչապետ, ԵԽԽՎ նախարարների կոմիտեի ղեկավար Էրդողանին:
Զոհրաբյանն ասաց, թե աննախադեպ էր հարց տալու համար հերթագրվածների ցուցակը 40 րոպե ուշացումով տալը: Իսկ դա եղել է մի նպատակով` ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլին արել է այնպես որ հայ պատգամավորները հարց չտան Էրդողանին: ԵԽԽՎ քարտուղարությունից ստացված պատասխանը նա որակեց «ցնցող», քանի որ Չավուշօղլին, հղում անելով ԵԽԽՎ կանոնակարգի համապատասխան կետին, հյուրին հարցեր տալու հերթականությունն ինքն է որոշել: Զոհրաբյանն ասաց, թե ինքը դիմելու է ԵԽԽՎ կանոնակարգային հանջնաժողովին, քանի որ Չավուշօղլուի, որպես թուրք պաշտոնյա և ԵԽԽՎ նախագահ, շահերի բախում կա: Վերջինս չի պահում համապատասխան եվրոպական արժեքները: «Ջերմոցային պայմաններ է ստեղծել իր վարչապետի համար»,- ասաց Զոհրաբյանը: Այնուամենայնիվ, նա նշեց, որ ինքն իր ուզածին հասել է և Էրդողանին մոտեցել ու ասել է այն, ինչ ցանկանում էր ասել ԵԽԽՎ ամբիոնից:








































