Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի վաղաժամ բարձրացումը կարող է դադարեցնել ԱՄՆ տնտեսության աճը, կարծում են Արժությի միջազգային հիմնադրամի տնտեսագետները: Այս մասին հայտնում է vestifinance.ru-ն:
Դաշնային պահուստային համակարգը պետք է սպասի տոկոսադրույքի բարձրացման հարցում մինչև տեսնի աշխատավարձերի և սպառողական գների աճի տեմպերի ուժեղացման հստակ նշաններ, որոնք հիմա թուլացած են, նշվում է հիմնադրամի պատրաստած՝ ԱՄՆ տնտեսության մասին ակնարկում:
«Մենք կարծում ենք, որ Դաշնային պահուստային համակարգը հնարավորություն ունի հետաձգելու դրույքի բարձրացումը»,- հայտարարել է ԱՄՆ-ում ԱՄՀ առաքելության տնօրեն Նայջել Չալքը՝ նշելով, որ ինֆլյացիան ԱՄՆ-ում հեռու է Դաշնային պահուստային համակարգի նպատակային ցուցանիշից, որը կազմում է 2%: ԱՄՀ-ն չի կանխատեսում ԱՄՆ-ում ինֆլյացիայի նպատակային մակարդակի վերադարձ մինչև 2017 թ. վերջ:
Հիմնադրամի տնտեսագետներն ԱՄՆ-ում ինֆլյացիայի բարձրացում չեն կանխատեսում՝ հաշվի առնելով ուժեղ դոլարը, դինամիկայի բացակայությունը ծառայողների աշխատավարձերում, նաև ապրանքների արտադրողների համար շահույթի մակարդակի հաշվին ծախսերի ավելացումը փոխհատուցելու հնարավորությունների առկայությունը:
Դրույքի բարձրացումն ամերիկյան արժույթը կթանկացնի, որն արդեն փոքր-ինչ գերագնահատված է, կարծում են ԱՄՀ-ի փորձագետները: Դոլարի հետագա ամրապնդումը «լուրջ ռիսկ է տնտեսության աճի համար», զգուշացնում են նրանք:








































