Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ թուրք իսլամականները բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլում Չինաստանի հյուպատոսության առջև, որի ժամանակ իրենց աջակցությունն են հայտնել Չինաստանի Սինձյան-Ույղուրյան շրջանի բնակիչներին, որոնք իսլամ են դանավում:
Ակցիայի մասնակիցները քննադատել են Չինաստանի իշխանություններին՝ նրանց մեղադրելով մուսուլմանների նկատմամբ կրոնական բնույթի հալածանքներ կիրառելու համար: Դա մասնավորապես վերաբերում է մուսուլմանների համար Ռամադան սուրբ ամսվա ժամանակ պահք պահելու արգելքին:
Չինաստանի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքը: Բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են Չինաստանի դրոշներն ու հարձակվել են Ստամբուլում գտնվող չինական ռեստորանների վրա: Բացի դրանից՝ նրանք հարձակվել են Հեռավոր Արևելքից ժամանած զբոսաշրջիկների խմբի վրա՝ կարծելով, թե նրանք չինացիներ են: Սակայն պարզվել է, որ ծեծի ենթարկվածները կորեացիներ են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն և Անկարայում Չինաստանի դեսպանատունը Թուրքիայում գտնվող չինացիներին խորհուրդ էին տվել պահպանել զգուշավորություն, չմոտենալ բողոքի ակցիաների վայրերին և միայնակ դուրս չգալ փողոց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 28-ին մեկնելու է Չինաստան և այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու է ույղուրների հարցը:







































