Այսօր 12:00-ին «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կառավարությունում ասուլիս են հրավիրել` տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության թեմայով: Մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա մենեջերների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև տարբեր ընկերություններում մենեջմենթի, աշխատանքի կազմակերպման բարելավմանը՝ հանրապետության տարբեր ընկերություններում աշխատող մենեջերների համար աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում որակավորման բարձրացման հնարավորություն ստեղծելով։
Մրցանակաբաշխության նախաձեռնողը Սինոփսիս ընկերությունն էր, հովանավորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ Համաձայն մրցանակաբաշխության ծրագրի՝ յուրաքանչյուր տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից հայտարարվում է մրցույթ՝ ի հայտ բերելու ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատող լավագույն 3 մենեջերներին, ովքեր կմեկնեն արտերկրի տարբեր համալսարաններ՝ մենեջմենթի կուրսերի։
Մրցանակաբաշխությունում հաղթող մենեջերները չեն մասնակցի առնվազն հաջորդ 3 տարիների մրցույթին։ Մրցանակաբաշխությանը մասնակցության հայտերը կներկայացվեն նախապես հայտարարված ժամանակացույցին ու պայմաններին համախատասխան, մրցանակաբաշխության մասին պաշտոնական հայտարարությունից անմիջապես հետո, [email protected] էլեկտրոնային հասցեով։ Այնուհետև մրցանակաբաշխության հանձնաժողովը կընտրի տվյալ տարվա հաղթող 3 մենեջերներին։
Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահն է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Հանձնաժողովի անդամներն են՝
Վարդան Նիկոյան – ՀՀ վարչապետի օգնական
Ռալֆ Յիրիկյան – ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ գլխավոր տնօրեն
Արա Ավետիսյան – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վահե Դանիելյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արմեն Գրիգորյան – Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար
Արսեն Ղազարյան – ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ
Արմեն Բալդրյան – Յունիքոմփ ՍՊԸ գործադիր տնօրեն
Հովհաննես Ավոյան – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ
Բագրատ Ենգիբարյան – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն
Վազգեն Մելիքյան – Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն









































