««Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Բացի այդ, Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013թ-ին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները»,- երեկ հայտարարել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
Այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, մեզ հետ զրույցում արձագանքելով այդ հատարարությանը, հիշեցրեց, որ «Հազարամյակի մարտահրավերները» գումարներ է տալիս մասնավորապես այն երկրներին, որոնք լուծելու ավելի մեծ խնդիրներ ունեն և զարգացման փուլում են:
«Անշուշտ, հասկանում եմ նրանց այս որոշումը, քանի որ մինչև այդ արդեն խոսակցություններ էին գնում, որ Հայաստանը արդեն ինքը պետք զարգացման առումով գտնվեր այնպիսի վիճակում, որ մարտահրավերների համակարգից է՛լ գումար չակնկալեր: Կարծում եմ` առաջիկայում, եթե «Հազարամյակի մարտահրավերները» չֆինանսավորի, այլ աղբյուրներից գումարներ կփնտրենք:
Մասնավորապես` երեկ մեր արտահերթ նստաշրջանը գրեթե 200 միլիոն դրամի արտոնյալ վարկերի համաձայնագրեր ստորագրեց: Կարծում եմ` մեր գոտիները պետք է ձգենք և տարբեր խնդիրների լուծման համար հայթայթենք փողեր: Մինչև անգամ, եթե չլինեն դրսի աջակցությունները»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքերով, բոլոր պարագաներում ինքը չի ցանկանում մեզ համար դա համարել ցուցանիշ, որովհետև նույն այդպիսի երկրներում այնպես չէ, որ տեղի չեն ունենում մարդու իրավունքների ոտնահարումներ, որ մեզ թերություններ են վերագրում:
«Ես կարող եմ, այո՛, տրամաբանել, որ եթե իրենք մտադիր չեն հատկացումներ կատարել, կարող են ամեն տեսակի պատճառաբանություններ մեջտեղ բերել»,- ավելացրեց Վարդան Բոստանջյանը:









































