Այսօր Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի Վերին պալատի նախագահ, «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են 2012թ.-ին, ինքը և իր կուսակցությունը չեն պաշտպանելու այն թեկնածուին, որը կառաջադրի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:
Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Մեր կուսակցության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք չենք պաշտպանի այն թեկնածուին, որին նախագահական ընտրությունների ժամանակ կառաջադրի «Եդինայա Ռոսիան»: Մենք կոշտ դիրքերից ենք հանդես գալիս «Եդինայա Ռոսիային», բնականաբար, չենք կարող պաշտպանել նրանց թեկնածուին»,- ասել է Միրոնովը:
Նա նաև հավելել է, որ իր կուսակցությունը հնարավոր է ունենա իր թեկնածուն, որի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի այս տարվա աշնանը:
Եթե հաշվի առնենք վերջին շրջանի առճակատումը Ռուսաստանի քաղաքական դաշտում` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ, ապա կարող ենք եզրակացնել, որ «կենացները քաղցրանում են»:
Ուրբաթ օրը «Եդինայա Ռոսիան» հայտարարել էր, որ իրենք առաջիկա ընտրություններին կպաշտպանեն Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Եվ քանի որ այս հայտարարությունն արվել էր Միրոնովի ելույթի նախօրեին, ապա, կարծում ենք, որ Միրոնովի ասածները յուրօրինակ պատասխան են իշխող կուսակցությանը, և ինքը, փաստացի, հավանություն չի տալիս Պուտինի թեկնածությանը: