Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն, անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարություններին, ասաց, թե սա ուղղակի առնչվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրերս հրապարակված զեկույցի հետ, որտեղ թվարկված են ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների դեպքերը:
«Այդ պատճառով է, որ մենք զրկված ենք ծրագրի ֆինանսավորում ստանալու համար «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դիմելու հնարավորությունից: Ավելին, դեսպանը նշում է, որ ապագայում հնարավոր է դա անել: Սա ակնարկ է, որ ժողովրդավարական բարեփոխումներից, ժողովրդավարական ուժի իշխանության գալուց հետո միայն հնարավոր կլինի բարելավել ԱՄՆ հետ ՀՀ հարաբերությունները: Սա ուղերձ է բոլոր ազատատենչ և ժողովրդավարությունն իրենց համար բացարձակ համարող քաղաքացիներին, որ միայն իրական գործով կարելի է հասնել հաջողությունների:
Բացի այդ, նշեմ նաև, որ ԱՄՆ-ը ոչ միայն ասում է, այլև գործում է, և իշխանությունների պատճառով «Հազարամյակի մարտահրավերների» 70 մլն դոլար ծրագրի կրճատումը, որի պատասխանատվությունն իշխանությունների վրա է, ամբողջովին ուղղվելու է Վրաստան, այնտեղ կառուցվելու է մայրուղի: Այնպիսի տպավորություն է, որ մերոնք նպաստում են այլ երկրների զարգացմանն ու բարեկեցությանը»,- ասաց պարոն Կարապետյանը:
Իսկ հարցին` կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները կորցրել են Արևմուտքի աջակցությունը, նա նշեց, որ ԱՄՆ կողմից ՀՀ վրա ճնշումները գնալով ավելանում են, քննադատական զեկույցները շատանում, և այն աջակցությունը, որ իշխանությունները վայելում էին ընտրություններից անմիջապես առաջ ու հետո, հօդս է ցնդում:





































