Նյու Յորքից Ջոնաթան Ֆլեմինգը, ով վկայի կեղծ ցուցմունքների պատճառով ուրիշի գործած հանցանքի համար 24 տարի անցկացրել է բանտում, քաղաքից ստացել է 6.25 մլն դոլար փոխհատուցում: Այս մասին գրում է New York Daily News-ը:
«Միստր Ֆլեմինգը իր կյանքի կեսը անցկացրել է բանտում մի հանցանքի համար, որը չէր կարող ինքը գործած լինել»,- որոշումը մեկնաբանել են պաշտոնյաները:
«Մենք չենք կարող նրան վերադարձնել կորցրած ժամանակը, մենք Ջոնաթան Ֆլեմինգին միայն կարող ենք փոխհատուցում առաջարկել այդ անարդարության համար»,- հավելել են նրանք:
Տղամարդը ձերբակալվել է 1989-ին, երբ գլխավոր վկաները հաստատել են, որ տեսել են նրան սպանության ժամանակ: 2013-ին ի հայտ են եկել գործի նոր հանգամանքներ, որոնք թույլ են տվել դատապարտյալի վրայից ամբողջությամբ հանել մեղքը։ Նա ազատ է արձակվել 2014-ի գարնանը։













































