Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին գեներալ Մարկ Տոմաշիցկուն ընտրել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար, եթե պատերազմ սկսվի: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է այսօր Նախագահական պալատում միջոցառման ժամանակ:
«Անվտանգության և խաղաղության ապահովման համար չկա ավելի արդյունավետ ոչինչ, քան ցույց տալ, որ մենք անուժ և անզեն չենք: Ուստի ես ակնկալում եմ, որ այսօրվա որոշումը կնպաստի ամբողջ համակարգի համախմբմանը»,- ասել է Կոմորովսկին:
Նա նշել է, որ իր գործողություններն ունեն «օրենքի նոր նորմերի իրագործման տարր, որը պետք է դառնա Լեհաստանի պաշտպանունակության ամրապնդման մաս, որը, ինչպեսև ամբողջ տարածաշրջանը, հայտնվել է մեծ սպառնալիքի, անկայունության զգացողության իրավիճակում»:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ անհանգիստ ժամանակներում կարևոր է պետության զինված ուժերի և անվտանգության ու պաշտպանության ամբողջ համակարգի կողմից առավելագույն կայունության, կառավարման համակարգի առավելագույն համախմբման ապահովումն ինչպես խաղաղության պայմաններում, այնպես էլ ճգնաժամի, այդ թվում՝ ռազմական: Ահա թե ինչու է որոշվել գեներալ Տոմաշիցկուն այդ պաշտոնի թեկնածու ընտրել»,- ասել է Կոմորովսկին: «Այդ որոշման հետևում խաղաղ ժամանակ ռազմական ճգնաժամի պայմաններում զինված ուժերի իրական ղեկավարման նախապատրաստությունն է»,- նշել է նա:









































