Հայաստանի ազգային վիճակագրան ծառայությունը խիստ մտահոգիչ տեղեկություններ էր տարածել 2015թ. արտաքին առևտրաշրջանառության վերաբերյալ: Մասնավորապես, ԱՎԾ տեղեկություններով ներմուծման ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած նվազել է 30 տոկոսով: Արդյոք դա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի 30 տոկոսով ավելի պակաս ապրանքներ են ներմուծվել Հայաստան, որի պատճառը սպառման ծավալների 30 տոկոսանոց նվազումն է:
Եթե Հայաստանը հունվարի 1-ից անդամակցած չլիներ Եվրասիական տնտեսական միությանը, ապա այս տխուր վիճակագրությունը հենց դրա վկայությունն էլ կլիներ: Մինչդեռ, ըստ լավատեղյակ աղբյուրների, ներմուծման նման անկումը պայմանավորված է Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ:
Մինչև ԵՏՄ-ին անդամակցելը դրա կողմնակիցները պնդում էին, որ որևէ ռիսկեր գոյություն չունեն, և Հայաստանի տնտեսությունը միայն շահելու է այդ անդամակցությունից: Ավելին, կային պնդումներ, որ ավելանալու է Հայաստանի բյուջե մուտքագրվող գումարների չափը, քանի որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները կարողացել էին այնքան հմտորեն բանակցել, որ հաջողացրել էին ընդհանուր բյուջեից մեր հասանելիքի չափը դարձնել 1,13 տոկոս: Նույնիսկ հաշվել էին, որ դա կազմում է 270-300 միլիոն դոլար մաքսատուրքերի գծով, անհամեմատ ավելի շատ, քան հավաքում էր Հայաստանը ինքնուրույն, առանց ԵՏՄ մտնելու:
ԵՏՄ մտնելուց հետո պարզվեց, որ իրավիճակն ավելի վատ է, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել: Ըստ լավատեղյակ աղբյուրների, Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալը նվազել է, ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում այդ չափով՝ 30 տոկոսով նվազել է սպառումը, այլ որովհետև հայ գործարարների մի մասը գերադասում է ապրանքները մաքսազերծել ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում: Թվում է թե ոչ մի տարբերություն չպետք է լինի գործարարի համար, թե որտեղ է նա մաքսազերծում ապրանքը, եթե մաքսազերծման տարիֆները ԵՏՄ տարածքում նույնն են: Իրավական առումով, իհարկե, տարբերություն չկա, բայց գործնական առումով կա: Հայաստանում մաքսային վարչարարությունը բավական խիստ է, և ներմուծողների համար անհամեմատ դժվար է գործարքի մեջ մտնել հայ մաքսավորների հետ, եթե դու սովորական ապրանք ներմուծող ես և ոչ թե առանձնաշնորհյալ, որոնց թիվը իրականում փոքր է: Մինչդեռ, Ռուսաստանի մաքսատներում այս իմաստով ուղղակի դրախտ է և ապրանք ներմուծողները պնդում են, որ ռուս մաքսավորների հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Նրանք պահանջկոտ չեն ապրանք ներմուծողների նկատմամբ, և պատրաստ են բավական հարմար պայմաններ առաջարկել կամ, շատ դեպքերում` հարմարվել ներմուծողի առաջարկած պայմաններին: Իսկ եթե ապրանքը մաքսազերծվում է Ռուսաստան մտնելիս, այն արդեն կարող է անարգել հատել Հայաստանի մաքսային սահմանը, որովհետև, ինչպես հայտնի է, մենք մեկ ընդհանուր մաքսային տարածքում ենք: Եթե իրերի վիճակը այսպես շարունակվի, ապա շուտով Հայաստանում ապրանք մաքսազերծողներ չեն մնա. Հայաստան ներմուծվող բոլոր ապրանքները կմաքսազերծվեն Ռուսաստանում, իսկ այնտեղից միայն կուղարկվեն ծայրագավառ Հայաստան: Ինչպես օրինակ Կրասնոյարկս կամ Իրկուտսկ:
Հայաստանի բնակչության մի մասին թվում էր, որ Ռուսաստանը ստեղծելով ԵՏՄ որոշել է զբաղվել բարգործությամբ պետական մակարդակով: Այն էլ, այնպես անել, որ իր կողմից հավաքագրվող հարկերի մի մասը փոխանցի Հայաստանի կամ այլ երկրների բյուջեներ, որ այնտեղ ապրող մարդիկ ռուսների հաշվին ավելի շատ թոշակ ստանան կամ ավելի բարեկարգ ճանապարհներ ունենան: Սա հաշմանդամ մտածողության արդյունք է, որովհետև ոչ մի մետրոպոլիա գաղութներ չի պահում, որ մետրոպոլիայի բնակիչն աշխատի` գաղութինը վայելի, այլ ճիշտ հակառակը: Որքան էլ Հայաստանի իշխանությունները հասկանան այս վիճակի անհեթեթությունը և վնասակարությունը, նրանք, բնականաբար, չեն կարող բողոքել դրա դեմ, կամ չեն կարող հետ պտտեցնել գործընթացը, որովհետև Հայաստանը պարտադրված է եղել միանալ ԵՏՄ-ին: Պարտադրված է եղել, որովհետև ունեցել է անվտանգության հարց: Իսկ Հայաստանին սպառնացող վտանգը եկել է, ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, ինչպես փորձում են ներկայացնել, այլ հենց Ռուսաստանից, որովհետև այդ երկիրն է սպառնացել պատժել Հայաստանին, ինչպես պատժեց Ուկրաինային կամ Վրաստանին: Ու քանի դեռ այդ անվտանգության հարցը կա, մենք պետք է լռելյայն համակերպվենք նման անարդարությունների հետ:










































