Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պետնախարար և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի և առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղի ուղեկցությամբ այսօր Անկարայում այցելել է Աթաթուրքի անվան հիվանդանոց:
Այնտեղ բուժում են ստանում Լիբիայից տարհանված 14 վիրավոր լիբիացիները, որոնց թվում կան մեկական կին ու երեխա:
Նրանց հետ զրույցում Էրդողանը նշել է, որ Թուրքիան Լիբիայի հարցում արել է հնարավոր ամեն ինչ` արյունահեղության կասեցման համար, ինչը հանգեցրել է նրան, որ ՆԱՏՕ-ն այսուհետ առավել զգուշորեն է մոտենում լիբիական խնդրին:
Էրդողանը հույս է հայտնել, որ հիվանդանոցում գտնվող լիբիացիները շուտով կկազդուրվեն, ինչից հետո էլ կուղարկվեն իրենց հայրենիք:
Լիբիացի հիվանդներից մեկը բոլոր լիբիացիների անունից Էրդողանին շնորհակալություն է հայտնել` նշելով, որ Լիբիայում նորածինների մի մասին, ի պատիվ Էրդողանի, անվանում են Ռեջեփ:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին թուրքական «Անկարա» նավը բուժման նպատակով Լիբիայից Թուրքիա էր տեղափոխել 158 մարդու, որոնցից 108-ը` լիբիացիներ, իսկ մնացածն այլ երկրների քաղաքացիներ։ Նրանց մի մասը բուժում է ստանում Իզմիրում:










































