Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովն ընդունել է առաջին համատեղ փաստաթուղթը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն.
«Չեմ ցանկանում հնչեղ խոսքեր ասել, սակայն դա պատմական փաստ է: Եթե շահագրգիռ անձն ուշադրությամբ կարդա այդ փաստաթուղթը, ապա կտեսնի, թե որքան ճշգրիտ, ռեալ և Վրաստանի համար հաղթական ձևակերպում ունի Դաշինքի դիրքորոշումը բոլոր այն խնդիրների վերաբերյալ, որոնք շոշափում են Վրաստանի շահերը»:
Այդ փաստաթղթի կարևորության մասին է արտահայտվել նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Գրիգոլ Մգալոբլիշվիլին` ընդգծելով, որ առաջին անգամ է ընդունվում Վրաստանի վերաբերյալ այդ կարգի փաստաթուղթ:
Ի դեպ, Բեռլինում կայացած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի բացման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Վրաստանին շնորհակալություն է հայտնել` Աֆղանստանի հարցում ՆԱՏՕ-ի հետ ակտիվորեն համագործակցելու համար:
Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հերթին նշել է, որ իրենք նախկինի պես աջակցում են Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` Ռուսաստանին կոչ անելով պահպանել զինադադարի վերաբերյալ համաձայնագրի պայմանները:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: