Տրանսպորտային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Համաշխարհային բանկի տրանսպորտի ոլորտի ղեկավար Հենրի Քերալի հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել նաև Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի պատասխանատուները:
Անդրադառնալով մայրաքաղաքում տրանսպորտի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, քաղաքապետը որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ, առանձնացրել է տրանսպորտային ցանցի կանոնակարգումը, փոքր տեղատարողության փոխադրամիջոցների թվի նվազեցումը, ավտոբուսների համար նոր կանգառների առանձնացումը, բանուկ հատվածներում տեսախցիկների տեղադրումը, երթուղիներում ժամային գրաֆիկների մշակումը, մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափումը և այլն:
Քաղաքապետը ներկայացրել է հասարակական տրանսպորտի աշխատանքն ուսումնասիրելու նպատակով ներկայում ընթացող մոնիթորինգի արդյունքները, ինչպես նաև վերջերս կատարած հասարակական կարծիքի ուսումնասիրությունը, որի համաձայն մայրաքաղաքի բնակչության զգալի մասը, որպես ուղևորափոխադրամիջոց, նախապատվությունը տալիս է ավտոբուսներին: Խոսելով տրանսպորտի ոլորտի հեռանկարային ծրագրերի շուրջ, Կարեն Կարապետյանը հատկանշել է երթևեկության վարձավճարների հավաքագրման միասնական համակարգի ստեղծումը:
«Մենք ուսումնասիրել ենք հիմնախնդիրները և փորձում ենք ներդրումային ծրագրեր իրականացնել պետական և մասնավոր գործընկերության սկզբունքի հիման վրաե,– նշել է Կարեն Կարապետյանն ավեացնելով, որ տրանսպորտային ծրագրերի իրականացման հարցում քաղաքապետարանն ակնկալում է Համաշխարհային բանկի խորհրդատվական աջակցությունը։
Հայտնելով իր տպավորությունը ոլորտի զարգացման տեսլականի վերաբերյալ, ՀԲ-ի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել տեխնիկական օժանդակության, խորհրդատվական ծառայության և մասնագետների ուսուցման ծրագրերի առումով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն








































