«Առաջին լրատվական»-ը, Կոտայքի մարզի մի գյուղում տեղացիների հետ զրուցելով, փորձում էր ծանոթանալ հայ գյուղի ներկայիս պատկերին։ Գյուղացիները Սերժ Սարգսյանին, վարչապետին և մյուս պաշտոնյաներին առաջարկում էին հայ գյուղացու իրական «հալն» իմանալու համար պարզապես ծանոթանալ գյուղի խանութներում գյուղացիների կուտակած պարտքի ցուցակներին, որոնք գնալով ավելանում են: Գյուղացիները խանութներում մինչև 6 տարվա պարտք ունեն: Բանը հասել է նրան, որ խանութի աշխատողները, տեսնելով, որ գյուղացիներն ի վիճակի չեն պարտքը վերադարձնել, ում պարտքը 50 հազարից անցնում է՝ նրան էլ ապառիկ ապրանք չեն տալիս: Ինչպես մեզ հետ զրույցում ասացին վաճառողուհիները, գյուղացիներից յուրաքանչյուրն էլ խանութներում նվազագույնը 100 դոլարի պարտք ունի: Իսկ ամեն մի խանութում կուտակված գյուղացիների ընդհանուր պարտքը սկսվում էր 3.5 միլիոնից և հասնում 7 միլիոն դրամի:











































