74 կողմ, 11 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Հանրաքվեի մասին» օրենքում ՀՅԴ նախաձեռնած փոփոխություններն ընդունվեցին: Մինչ այդ տեղի ունեցավ թեժ բանավեճ և լեզվակռիվ:
Վիրավորանքներն պատգամավորների միջև շարունակվեցին այն աստիճան, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց դադարեցնել պատերազմը:
Բիշարյանը վարման կարգով ելույթ ունենալով նկատեց, որ եթե նման ոճով պետք է խոսեն պատգամավորները մեկը մյուսի հասցեին, ապա թող դահլիճից դուրս գան և իրար հետ չափվեն, թե ով ում ինչ կարող է ասել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Բիշարյանի ելույթից հետո նկատեց. «Հերոսացման գործընթացը ընդհատենք», ապա ձայն տալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ հավելեց. «Հերոսացումը շարունակվում է»:
«Ձեզանից էն կողմ էլ ինչ հերոս»,- ասաց Զուրաբյանն ու շարունակեց. «Ես ուզում եմ ընդամնեը արձանագրել, որ 4 խմբակցության կողմից առաջարկների չընդունումը հեղինակների կողմից եւ իշխանությունների կողմից նշանակում է, որ ըստ էության Հայաստանում կկայանա եւս մեկ հակաժողովրդական հանրաքվե: Այդ հանրաքվեն այսօրվանից կարելի է ոչ լեգիտիմ համարել: Բայց մենք ընդունում ենք մարտահրավերը և ամեն ինչ կանենք, որ այդ հանրաքվեն վերածենք Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի»:
Գալուստ Սահակյանը հորդորեց պատերազմը դադարեցնել.«Ակնհայտ է որ առաջին դեպքն է. միշտ ընդդիմություն- իշխանություն են կռվում, էսօր ընդդիմությունն է կռվում: Մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ»:









































